Խնամքի հաստատություններում գտնվող երեխաների անճշգրիտ թիվն անտեսանելի է դարձնում ամենախոցելի երեխաներին. ՅՈՒՆԻՍԵՖ
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր տվյալների, աշխարհում առնվազն 2.7 միլիոն երեխա ապրում է խնամքի հաստատություններում: Սակայն այս տվյալները, հավանական է, որ միայն «սառցաբեկորի գագաթն» են՝ տարբեր երկրներում տվյալների հավաքագրման բացերի և անճշտությունների պատճառով: Տվյալները հրապարակել են այսօր «Child Abuse & Neglect » միջազգային ամսագրում:
«Խնամքի հաստատություններում՝ մանկատներում և գիշերօթիկ հաստատություններում, բնակվող երեխաները, ովքեր արդեն խոցելի են իրենց ընտանիքներից բաժանվելու պատճառով, գտնվում են բռնության, չարաշահման, ինչպես նաև՝ կրթական, սոցիալական և էմոցիոնալ երկարաժամկետ վնասների աճող ռիսկի ներքո», – նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխայի պաշտպանության բաժնի փոխտնօրեն Կոռնելիուս Վիլլիամսը (Cornelius Williams): «Առաջնայինը՝ երեխաներին խնամքի հաստատություններից հեռու և իրենց ընտանիքների հետ պահելն է՝ հատկապես վաղ տարիքում»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ուսումնասիրությունը հիմնված է 140 երկրներից հավաքագրված տվյալների վրա: Ըստ այդմ, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան երեխայի խնամքի հաստատություններում ապրող երեխաների թվի ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածաշրջանն է. յուրաքանչյուր 100,000 երեխայից 666-ն ապրում է երեխայի խնամքի հաստատությունում, ինչը 5 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը, որը կազմում է յուրաքանչյուր 100,000-ից 120 երեխա: Արդյունաբերապես զարգացած երկրները և Արևելյան Ասիայի ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն ունեն երեխայի խնամքի հաստատություններում ապրող երեխաների թվով երկրորդ և երրորդ ամենաբարձր ցուցանիշն աշխարհում՝ յուրաքանչյուր 100,000-ից 192 և 153 երեխա համապատասխանաբար:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրությունը շեշտադրում է՝ շատ երկրներ դեռևս չունեն այլընտրանքային խնամքի տակ գտնվող երեխաների թվի մասին փաստացի թվեր հավաքագրող գործուն համակարգ: Շատ երկրներում, պաշտոնական տվյալները միայն ներառում են խնամքի հաստատություններում գտնվող երեխաների իրական թվի փոքր մասը՝ հաշվի չառնելով մասնավոր կենտրոններում գտնվող երեխաներին:
«Չափազանց կարևոր է, որ կառավարություններն ունենան ճշգրիտ և ընդգրկուն տվյալներ՝ բոլոր գործող խնամքի հաստատությունների մասին, ինչպես նաև՝ պարբերաբար հաշվարկեն տվյալ կենտրոններում գտնվող երեխաների թիվը՝ պաշտոնական տվյալներն ավելի հստակ դարձնելու համար», – նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Վիճակագրության փորձագետ և ուսումնասիրության համահեղինակ Կլաուդիա Կապպան (Claudia Cappa): «Այդ դեպքում մենք կկարողանանք չափել խնդրի խորությունը և աշխատել կառավությունների հետ՝ խնդրիներին ավելի արդյունավետ արձագանքելու համար»:
Իրավիճակը Հայաստանում՝
Հայաստանը նպատակ ունի կրճատել խնամքի հաստատություններում գտնվող երեխաների թիվը՝ նրանց համար ընտանեկան տիպի խնամք տրամադրող ծառայություններ տրամադրելով, ինչպես նաև՝ խոցելի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար սոցիալական ներառում խրախուսելով: Այս մասին այսօր հայտնեցին ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
Առնվազն 3500 երեխա այժմ գտնվում է խնամքի հաստատություններում և սովորում է երկրի հատուկ դպրոցներում, այնինչ խնամատար ընտանիքներում ապրող երեխաներն ընդամենը 25-ն են: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրությունը մատնանշում է, որ երեխաները հայտվում են խնամքի հաստատություններում՝ ընտանիքի պառակտման, առողջական խնդիրների, սոցիալական ծառայությունների անհավասար մատուցման, հաշմանդամության և աղքատության ռիսկային գործոնների պատճառով:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության հետ գործընկերության միջոցով աշխատում է խնամքի հաստատությունների և հատուկ դպրոցների վերակազմավորման, ընտանիքների աջակցության համայնքահեն ծրագրերի զարգացման և հանրակրթական դպրոցներում խոցելի երեխաների համար ներառական միջավայրի ամրապնդման ուղղությամբ: Վերջին երկու տարիների ընթացքում 150 երեխա ստացել է կենսաբանական ընտանիք վերադառնալու կամ ազգականների հետ ապրելու, ինչպես նաև՝ իրենց հասակակիցների հետ հանրակրթական դպրոց հաճախելու հնարավորություն:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին՝ կրճատել խնամքի հաստատություններում գտնվող երեխաների թիվը՝ բոլոր հնարավոր դեպքերում կանխելով ընտանիքների պառակտումը և ամրապնդել ընտանեկան տիպի խնամք տրամադրող ծառայությունները, օրինակ՝ խնամատարությունը: Անհրաժեշտ է նաև խոշոր ներդրումներ կատարել ընտանիքների աջակցության համայնքահեն ծրագրերում: