26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վահանը «գցեց» Ալիեւին. Հրապարակ

Արդեն մի քանի օր է՝ Բաքվի մամուլում հոլովվում է Վահան Մարտիրոսյանի թեման: Պարզվում է, Հայաստանից Ադրբեջան, այնտեղից Ուկրաինա անցած, ապա կրկին Բաքվում հաստատված եւ վերստին Ուկրաինա ճողոպրած սույն անձնավորությունը տապալել է «Խաղաղություն Ադրբեջանին եւ Հայաստանին» անվանված պլատֆորմը, որ նախագծվել էր Իլհամ Ալիեւի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից եւ պետք է իրականացվեր Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջոցով: Որն է եղել այդ խաղում Վահան Մարտիրոսյանի դերը` խոստավանում են նրա ադրբեջանցի հովանավորները. Վահան Մարտիրոսյանը պետք է մեծ գումարների խոստումներով նախկին խորհրդային տարածքում գտներ, հավաքագրեր եւ պլատֆորմի մասնակից դարձներ ազգությամբ հայ անձանց:

Առաջադրանքը, հավանաբար, նրա ուժերից վեր է եղել կամ Վահան Մարտիրոսյանը, ինչպես նրան հավաքագրած Աքպեր Հասանովն է պնդում, չափազանց մեծ հակումներ է ունեցել փողի հանդեպ եւ պարզապես գրպանել է Ալիեւի աշխատակազմից իրեն տրված գումարները: Խնդիրը դա չէ, այլ` որ «Խաղաղություն Ադրբեջանին եւ Հայաստանին» պլատֆորմը փաստորեն ադրբեջանական հատուկ ծառայությունների վերահսկողությամբ մի կոմերցիոն նախագիծ էր, որը չի դիմացել փորձություններին եւ գործնականում պայթել է: Դա ալիեւյան ռեժիմի ձախողումներից մեկն է: Ալիեւի ֆիասկոն, սակայն, այդքանով չի սպառվում:

Նա ձախողվել է նաեւ ԱՄՆ-Ռուսաստան երկխոսության համար Բաքուն հարթակ դարձնելու նախաձեռնության մեջ: Երբ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի զինված ուժերի ԳՇ պետերի հանդիպավայր էր ընտրվել Բաքուն, ադրբեջանական քարոզչությունը գրեթե կաշվից դուրս էր գալիս` ապացուցելու, որ «նախագահ Ալիեւի հեղինակությունը չափազանց բարձր է, իսկ Ադրբեջանը միջազգային քաղաքականության մեջ այնքան կարեւոր նշանակություն ունի, որ ռուս-ամերիկյան համագործակցությունը սկիզբ է առնում Բաքվում»: Երեւի այս տրամադրվածությամբ է, որ Ալիեւը շտապել էր Սաուդյան Արաբիա` արժանանալու ԱՄՆ նախագահ Թրամփի ուշադրությանը: Դա տեղի չունեցավ, Թրամփը գերադասեց առանձին-առանձին ընդունել եւ ISIS-ի դեմ պայքարի հետ կապված հարցեր քննարկել Ղազախստանի եւ Ուզբեկստանի նախագահների հետ:

Դրանով նա ցույց տվեց, որ տարածաշրջանի առանցքային երկիրն ամենեւին էլ Ադրբեջանը չէ: Չափազանց ուշագրավ է, որ Սաուդյան Արաբիա Ալիեւի անհաջող ուղեւորությունից գրեթե անմիջապես հետո Ադրբեջանը եւ Ռուսաստանը ձեռնամուխ եղան «Սահմանային վահան» պայմանական անունով համատեղ հակաահաբեկչական գործողության իրականացմանը: Այս օրերին Ադրբեջանի հյուսիսային լեզգիաբնակ շրջաններում, որ սահմանակից են ՌԴ Դաղստանի հանրապետությանը, հայտարարված է արտակարգ դրություն:

Ադրբեջանի դեպքում խնդիրն, իհարկե, առաջին հերթին ներքին նշանակություն ունի` լեզգիների «անջատողականությունը» զսպելու իմաստով: Բայց չի կարելի ուշադրությունից թողնել նաեւ հարցի արտաքին քաղաքական կողմը: Ալիեւը, կարծես, ընտրություն է կատարում հօգուտ Ռուսաստանի գերակայությամբ անվտանգության համակարգի: Պետք է սպասել, թե դա ինչ ընթացք կունենա եւ ինչ հանգրվանի կհասնի: Մինչ այդ, սակայն, Բաքվի քարոզչությունը շրջանառության է դրել հերթական պլատֆորմի գաղափարը: Այս անգամ ակնարկվում է, որ Ադրբեջանը կարող է «միջնորդել, որ Սաուդյան Արաբիան եւ Իրանը բանակցություններ սկսեն»: Այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիան ԱՄՆ հետ 100 մլրդ.-ի սպառազինությունների գնման պայմանագիր է կնքել, Իրանը հազիվ թե ցանկություն կունենա բանակցությունների մեջ մտնել Էր-Ռիադի հետ:

Իսկ եթե նման հեռանկար կա, ապա հազիվ թե Թեհրանի համար Բաքուն կարող է անշահախնդիր միջնորդի դեր կատարել: Ըստ երեւույթին, Ալիեւի այս պլատֆորմը նույնպես արժանանալու է նախորդների ճակատագրին: Ինչ վերաբերում է «Վահան Մարտիրոսյան եւ այլք» պլատֆորմին, ապա այն արդեն իսկ առ ոչինչ է: Մնում է, որ փլատակների տակ մնացած մի քանի «մոլորյալ» հայերը դա հասկանան եւ համոզվեն, որ հանուն խաղաղության, անշուշտ, պետք է ջանքեր գործադրել, ինչպես նաեւ ձգտել, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ կապերը վերականգնվեն, բայց դա կարող է լինել միայն ինքնաբուխ եւ անկախ շարժում: Ընդ որում` հանդիպակաց: 

 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ