«Ելք»-ը գոհ է. կառավարությունն ընդունել է առաջարկը
Ազգային ժողովում ներկայացվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Պետական տուրքի մասին»» ՀՀ օրենքների փաթեթի նախագիրը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քանի որ իրենց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի կողմից ներկայացված առաջարկն ընդունվել է Կառավարության կողմից, երկրորդ ընթերցմանն էլ կողմ կքվեարկեն: Սակայն Փաշինյանն առաջարկեց, որ մեկական պետական տուրքի գնագոյացման մասին հիմնավորումներ ներկայացվեն:
Հարցն ավելի ուշ կդրվի քվեարկության:
Նշենք, որ առաջին ընթերցման ժամանակ հարցն ընդունվել էր միաձայն:
Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է երկրի ամբողջ տարածքում, այդ թվում, սահմանամերձ գոտիներում, ռադիոհեռարձակման ապահովման նպատակով նոր մրցույթներ հայտարարել:
Այս նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ:
Ռադիոհեռարձակման մրցույթների հայտարարման արդյունքում հնարավորություն կտրվի նոր ռադիոընկերություններ հիմնել, ինչպես նաեւ ռադիոընկերությունների սփռման տարածքները մեծացնել:
Այս նախաձեռնությամբ Հայաստանի տարածքում ավելանում է հանրապետական սփռման երեք ռադիոընկերություն:
Առաջարկվում է ստեղծել մեկ ռադիոընկերության ժամանցային ուղղվածության, մեկ ռադիոընկերություն՝ երաժշտական ուղղվածության, մեկը՝ երիտասարդական ուղղվածության, 10-ը մասնավոր ընկերություն՝ ընդհանուր ուղղվածության: