Ինչու կառավարությունն ու նախագահը տարբեր ժամկետներ հայտարարեցին
Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարցրեց, թե ինչպես ստացվեց, որ մեկ ամիս առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ աշխատավարձերը բարձրանալու են 2014-ի հունվարին, սակայն կառավարությունը օրեր առաջ հայտարարեց, որ հունիսի մեկից են բարձրանալու աշխավարձերը: ՛՛Ինչո՞ւ պիտի ՀՀ նախագահը ստիպված լինի հայտարարել մի բան, մեկ ամիս հետո այս ամբողջ իրականությունը փոխվի՞, կառավարությունը հայտարարի այլ բան՛՛,-հարցրեց նա:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց.
՛՛Փաթեթը, որը ներկայացվում է բյուջեի հետ միասին, համակարգում է ոչ միայն աշխատավարձերի բարձրացումը, այլև՝ կանոնակարգումը: Փաթեթն արդեն իսկ ուղարկվել է ԱԺ: Եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք, որ փաթեթում կա աշխատավարձերի բարձրացում` փուլայնությամբ. հունվարի 1-ից բարձարանում են ուժային կառույցների աշխատավարձերը, իսկ հիմնական աշխատավարձերը կարձրանան 2014թ. հունիսի 1-ից, ինչն էլ համահունչ է նախագահի նշված թվերին, քանի որ ընդհանուր բարձրացում է տեղի ունենում 2014 թվականին՛՛: