05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի մոսկովյան սպասումը. Ժամանակ

Հայաստանի թե՛ ներքաղաքական գործընթացների, թե՛ հանրային տրամադրությունների, թե՛ բնականաբար իշխանության ձևավորման խնդրի վրա Ռուսաստանի ազդեցությունն անհերքելի է: Այլ հարց է, թե ինչով է այն պայմանավորված, որքանով է ԽՍՀՄ փլուզումից 25 տարի անց էլ այդ ազդեցության պահպանումը տրամաբանական կամ բնական: Բայց ազդեցությունը փաստ է, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով  և հանգամանքներով: Իհարկե միարժեք չէ, որ հենց Ռուսաստանն է կայացնում որոշումն ու այն պարտադրում: Աշխարհը, ներքին ու արտաքին գործոնները բազմազան են, հետևաբար այստեղ կարող է խոսք լինել շոշափելի ազդեցության, բայց ոչ միարժեքության մասին:

Ինչ խոսք, պետական  և քաղաքական ավանդույթների, կենսագրության, փորձառության,  և առաջին հերթին իհարկե պետական մտածողությամբ կառավարող էլիտայի բացակայության պայմաններում իշխանության հարցը ենթակա կլինի արտաքին ազդեցության, ու բնականաբար մեծ կլինի այն արտաքին ազդեցությունը, որի կողմնորոշվածության դաշտում էլ գտնվում է պետությունը: Իսկ Հայաստանը եվրասիա-ռուսական դաշտում է, ընդ որում բավականին խրված: Բայց այստեղ կա մի առանձնահատկություն:

Առայժմ անորոշ է նաև «մետրոպոլիայի» իշխանության խնդիրը: Օրերս առիթ ունեցել եմ անդրադառնալու այն հանգամանքին, որ Ռուսաստանում Պուտինը բաց է թողնում 2018-ի խնդիրն այնպես, ինչպես Հայաստանում Սերժ Սարգսյանը: ՌԴ նախագահը օրեր առաջ հայտարարել էր, թե դեռ վաղ է խոսել 2018-ի առաջադրման մասին: Պարզ չէ դեռևս, Պուտինը առաջադրելու է իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար, թե ոչ:

Հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի գործընթացների  և իշխանության վրա, հիմք կա ենթադրելու, որ Սերժ Սարգսյանի որոշումն էլ կարող է կախված լինել Պուտինի որոշումից: Ավելի շուտ, Ռուսաստանում իշխանության խնդրի հանգուցալուծման տրամաբանությունից զգալի կախված կլինի թերևս այն, թե 2018-ի համար սցենարային ինչ տարբերակ է որոշակիացնում Սերժ Սարգսյանը:

Դա իհարկե չի նշանակում, որ, եթե Պուտինը մնաց՝ Սարգսյանն էլ կմնա,  և հակառակը: Միանգամայն հնարավոր է նաև, որ Պուտինի մնալու դեպքում չկարողանա մնալ Սարգսյանը: Մյուս կողմից՝ նախընտրական շրջանում այցելելով Մոսկվա, Սերժ Սարգսյանը ստացավ Պուտինի ակնհայտ քարտ-բլանշը: ՌԴ նախագահը հայտարարեց, թե հույս ունի, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանը կհաղթահարի կառավարման մոդելի անցումային շրջանը:

Սակայն բաց է մնացել հարցը, թե հատկապես ո՞ր ժամանակահատվածն է դիտարկվում անցումային շրջան՝ մինչև 2018, թե՞ մինչև 2022: Խնդիրն այստեղ իհարկե ամենևին Պուտինի կամքը չէ, կամ քմահաճույքը: Բանն այն է, որ Ռուսաստանն իսկապես բարդ դրության մեջ է՝ թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ քաղաքական: Դա էապես ազդում է այդ երկրի աշխարհաքաղաքական ներուժի վրա, հետևաբար նաև նրա պատասխանատվության կամ ազդեցության գոտիներում առկա իրավիճակի: Դա էլ առաջացնում է վտանգներ ու մարտահրավերներ այդ գոտիների համար՝ ինչպես Հարավային Կովկասը: Այդ գլոբալ խնդիրները Ռուսաստանի էլիտայի համար էլ առաջացնում են մարտահրավերներ, որոնք սրում են իշխանության խնդիրը նաև Ռուսաստանում:

Ակնհայտ է, որ Պուտինը մտել է փակուղի, միաժամանակ կա շրջադարձի խնդիր՝ դեմքը պահելու խնդիր: Դրանով հանդերձ կա ընդհանրապես Ռուսաստանի վիճակը կառավարելի պահելու հարց: Պուտինն այդ վիճակը վերջին տարիներին էապես կապակցել է կայսերական նկրտումների, մեծապետական զգացումների հետ:

Շրջադարձը կարող է փլուզել ամեն ինչ: Ռուսական էլիտան կանգնած է 2018-ի նախագահական ընտրությամբ այդ խնդիրը լուծելու հրամայականի առաջ: Բնականաբար կասկածից վեր է, որ հնարավոր են անգամ ամենաանսպասելի լուծումներ,  և բոլոր դեպքերում որևէ լուծում չի կարող հաշվի չառնել նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունը: Դրանով հանդերձ, անհնար է նաև, որ որևէ հանգուցալուծում իր էական ազդեցությունը չունենա նաև Ռուսաստանի աշխարհաքաղաքական վարքագծի  և հատկապես ռեգիոնալ պատասխանատվության տիրույթներում նրա ռազմավարության վրա:

Փոփոխությունն անխուսափելի չէ, սակայն շատ հավանական: Դա նշանակում է, որ այդ փոփոխությունը կարող է փոփոխություն ենթադրել նաև Հայաստանում: Հետևաբար, Սերժ Սարգսյանը ունի ֆալստարտի ռիսկ, երբ կարող է առաջ քաշել մի սցենար, որը հետո հակասի Ռուսաստանի իշխանության մասով Կրեմլում հաստատված սցենարի: Որևէ սցենարի դեպքում իհարկե խնդիրը չի լինելու այն, թե ո՞ւմ է ուզում տեսնել Մոսկվան Հայաստանի իշխանության ղեկին:
 
Անձերի խնդրի այս դեպքում երևի թե չկա, կամ այն առաջնային չէ: Խնդիրն այն է, թե ինչպիսի ներքին հարաբերությունների ու կառուցվածքի տրամաբանություն է պատկերացնելու Մոսկվան Հայաստանի իշխող համակարգի դեպքում, երբ Ռուսաստանի իշխանության համար 2018-ին կայացվի որոշում, որը կենթադրի նաև աշխարհաքաղաքական վարքագծի որոշակի փոփոխություն: Ի վերջո բանն այն է, որ Ռուսաստանի պես հսկայի պարագայում փոփոխությունն ինքնին կարող է լինել շատ թույլ արտահայտված, գրեթե աննկատելի, սակայն նրա ազդեցության փոքր գոտիներում դա կունենա շոշափելի դրսևորումներ:
 
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ