Աշոտյանի ու Մարուքյանի փոխադարձ «խայթոցները»
«Պարո՛ն Աշոտյան, շատ լավ գիտեք, որ ես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ եմ եղել 5 տարի, և ինձ համար Ձեր կերպարը, որպես հանձնաժողովի նախագահի, անհամատեղելի է»,-այսօր խորհրդարանական նիստի ժամանակ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Աշոտյանին դիմելով՝ ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ իր այս մտահոգությունն ունի 2 պատճառ, նախ որ Աշոտյանն, ըստ Մարուքյանի, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք չունի, և բացի այդ ՀՀԿ-ի արտաքին կապերի պատասխանատուն լինել չի նշանակում, որ խորհրդարանն էլ ՀՀԿ-ի արտաքին կապերի խնդիրներն է լուծելու:
«Եթե համեմատում եմ Ձեզ Արտակ Զաքարյանի հետ, բավական լուրջ տարբերություններ կան: Մեզ հաջողվել է նրա հետ ունենալով քաղաքական տարաձայնություններ աշխատել նրա հետ, հիմա մտահոգություն ունեմ, որ չենք կարող Ձեզ հետ էլ աշխատել»,-շարունակեց Մարուքյանը:
«Իմ պատասխանից կախվա՞ծ լինելու է ձեր քվեարկությունը»,-հարցրեց Արմեն Աշոտյանը, ապա շարունակեց. «Երբ ես բժիշկ լինելով 2005 թվականին մտա խորհրդարան, շատերն ասում էին՝ ի՞նչ կապ ունի բժիշկը քաղաքականության հետ: Այսօր տեսնում ենք, թե բժիշկներն ինչ բարձունքի են հասնում քաղաքականության մեջ, հետո ասում էին՝ Կրթության նախարարն ո՞ւր ու բժիշկն ո՞ւր: Երբ որ նախարար էի ու մտա Ֆեյսբուք, ձեր գործընկներից մեկն ինձ ասում էր՝ ինչ Ֆեյսբուք, ձեզ լրջանալ է պետք: Այսօր արդեն մի քանի ամիս է՝ նա հացս ձեռիցս տարել է:
Պատասխանս չի ենթադրում, որ գիտեք՝ այո, ես կարող եմ»: Աշոտյանը շնորհակալություն հայտնեց Արտակ Զաքարյանի գործունեության վերաբերյալ դրական գնահատականի համար. «Ես էլ եմ պարոն Զաքարյանի մասին բարձր կարծիքի, երբեք չեմ համեմատել 2 տարբեր անձանց, ինչպես օրինակ երբեք չեմ համեմատել Ձեզ պարոն Փաշինյանի հետ, որ ասեմ, թե ինչու պարոն Փաշինյանը դարձավ ֆրակցիայի ղեկավար, ձեր քաղաքական ուժի որոշումն է եղել: Մեր քաղաքական որոշումն է եղել ներկայացնել իմ համեստ անձի թեկնածությունը:
Ինչ վերաբերում է խորհրդրանական դիվանագիտությանն, ապա դրա մեջ կուսակցությունների դերն ավելի լավ կգնահատեք, երբ ձեր կուսկացությունը զարգանա, մեծանա»,-եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը: