Մեր այլասիրությունը մի քիչ հիվանդացել է. Հայոց աշխարհ
“Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում արձակագիր Ալվարդ Պետրոսյանը այն կարծիքն է հայտնել, որ Մաքսային միություն մտնելու հարցը պետք է դրվեր հանրաքվեի:
“Համոզված եմ, որ մեր ժողովրդի 95 տոկոսից ավելին կքվեարկի հօգուտ Մաքսային միության։ Ինչո՞ւ, որովհետեւ իր մտածողությամբ շատ ավելի ռուսական կողմնորոշում ունի։ Եթե ես լինեի նախագահ, կասեի՝ հանրաքվե անցկացրեք ու ինքս իմ վրայից կվերցնեի այդ պատասխանատվությունը:
Բայց սա դեռ մի կողմ թողնենք, գոյություն ունի մի պարզ հարց՝ ո՞նց պետք է ռուսական սահմանապահ զորամասը պաշտպանի մեր սահմանները, երբ մենք մերժում ենք այդ երկրի առաջարկությունը, ո՞նց կլինի, որ էներգակիրներով կախված լինենք Ռուսաստանից ու իրենց ասենք՝ ոչ: Այդպես չի լինում:
Բայց կա այլ խնդիր, այլ ճշմարտություն. ինչքան մեզ պետք է Ռուսաստանը իր էներգակիրներով, սահմանապահ զորքերով, նույնքան էլ մենք ենք իրեն պետք: Մանավանդ պուտինյան Ռուսաստանը շատ պրագմատիկ է, երբեք հենց այնպես քայլ չի անում: Պուտինի նման պրագմատիկը, որի համար ամեն ինչ հաշվարկված է, ինչո՞ւ է ուզում, որ Հայաստանը մտնի Մաքսային միության մեջ: Եթե մենք այդքան վատն ենք, փոքր ենք, ինչո՞ւ է ուզում մեզ իր տիրույթում ունենալ”-ասել է նա:
Ըստ Պետրոսյանի, մենք անընդհատ ասում էինք` Կարմիր բանակը մեզ փրկեց, ու չէինք մտածում, որ Կարմիր բանակում մենք լուրջ ներկայություն ենք ունեցել: “Ռուսները մեկ-մեկ, իրենց ճզմելով, ճշմարտություններ են ասում, չեմ մեղադրում, նրանց համար էլ դժվար է խոստովանել, որ իր հաղթանակների մի մասը կերտել է այս փոքր ժողովուրդը: Փոխարենը, հաճույքով կարող են ցույց տալ հայ վարորդին՝ կնոջ խալաթը հագին: Բայց կան, չէ՞, գրողը տանի, փաստեր, անուններ, կենսագրություններ:
Մենք մեզ ներկայացնել ու մատուցել չգիտենք: Մեր բարությունը, մեր այլասիրությունը մի քիչ հիվանդագին է դարձել` ուրիշինը գնահատել, բայց ոչ սեփականը”-նշել է Պետրոսյանը:
Հարցազրույցի մանրամանսրեը թերթի այսօրվա համարում: