28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանը մշտապես եւ ամբողջ ծավալով իրականացնում է իր վրա վերցրած պարտականությունները. Սերժ Սարգսյան /ֆոտո/

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Մինչ այդ տեղի ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ ձեւաչափով հանդիպում, որի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

 

“Հարգելի գործընկերներ,

Ելույթս կսկսեմ Վլադիմիր Պուտինն ուղղված երախտագիտության խոսքով՝ հյուրընկալության եւ մեր աշխատանքների համար հիանալի պայմաններ ստեղծելու համար:

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա զարգացման հարցին՝ որպես նրա անդամների անվտանգության երաշխիքի, մոտենում է մեր երկրների ինքնիշխանության եւ անկախության ապահովման, պաշտպանունակության բարձրացման եւ արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության համապատասխան մեխանիզմների ստեղծման դիրքերից:

Մենք մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ մեր աշխատանքի արդյունավետության եւ մեր կազմակերպության հեղինակության հետագա բարձրացումն ուղղակիորեն կախված է մեր արտաքին քաղաքականության գործունեության կոորդինացիայի մակարդակից:

Հայաստանը մշտապես եւ ամբողջ ծավալով իրականացնում է այդ համատեքստում իր վրա վերցրած պարտականությունները, քանի որ մենք ելնում ենք մեր դաշնակցային հարաբերությունների առաջնահերթությունից եւ հավաքական անվտանգության համակարգին չվնասելու սկզբունքից:

Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ մեզ հաջողվել է դրական արդյունքների հասնել: Նախօրոք համաձայնեցված համատեղ ելույթներն ու հայտարարությունները բազմակողմ հարթակներում, միջազգային կազմակերպություններին կից ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներին հավաքական ցուցումները դարձել են պարբերական պրակտիկա:

Այդուհանդերձ, մեր կարծիքով, այստեղ պահանջվում են մի ամբողջ շարք համաձայնեցված ջանքեր ինչպես փոխգործակցության արդյունավետության բարձրացման մասով, այնպես էլ, ցավոք, եղած թերությունների բացառման մասով: Կբերեմ ընդամենը մեկ օրինակ. մեր փաստաթղթերում, այդ թվում՝ անցյալ տարի դեկտեմբերին ընդունված մոսկովյան հայտարարության մեջ, ընդգծվել էր ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու կարեւորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա, որոնք, մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանը եւ ինքնորոշմանը, եւ տարածքային ամբողջականությանը:

Համանման դրույթ է ամրագրված նաեւ համատեղ հրամաններում: Սակայն, ի հակադրություն մեր իսկ կողմից ընդունված որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում եւ ուրիշ կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին:

Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում՝ նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը:

Բնականաբար, շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն: Բայց, մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի եւ, ընդհանուր առմամբ, Կազմակերպության հեղինակության դեմ:

Այս թեման հատկապես արդիական է Ադրբեջանի նախագահի հայատյաց հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառման մշտապես հնչեցվող սպառնալիքների ֆոնին:

Հարգելի գործընկերներ,

Անփոփոխ է մնում նաեւ մեր Կազմակերպության նպատակաուղղվածությունը ՄԱԿ-ի, նրա մասնագիտացված ստորաբաժանումների եւ անվտանգության հարցերով զբաղվող այլ միջազգային կազմակերպությունների հետ կապերի ամրապնդման ուղղությամբ: Կարեւոր է, որ ՀԱՊԿ-ն այսուհետ եւս հավատարիմ մնա տարածաշրջանային եւ գլոբալ համագործակցության գործընկերային կապերի հաստատման ուղղությանը: Ընդ որում, արդարացված կլիներ այն, որ այս ոլորտում փոխգործակցությունը կառուցվեր այդ կազմակերպությունների կողմից ՀԱՊԿ-ի հանդեպ դրսեւորվող վերաբերմունքին համաչափ:

Նոր գլոբալ մարտահրավերների եւ սպառնալիքների լույսի ներքո հատուկ արդիականություն է ձեռք բերում ՄԱԿ-ի դերի ուժեղացումը միջազգային ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում: Դա ակնառու կերպով դրսեւորվել է մերձավորարեւելյան տարածաշրջանում վերջին զարգացումների օրինակով, մասնավորապես, Սիրիայում: Հայաստանը, լինելով աշխարհագրորեն Սիրիային ամենամոտը տեղակայված ՀԱՊԿ անդամ պետությունը եւ Սիրիայում ունենալով բազմահազարանոց համայնք, ավելի սուր է զգում բոլոր ռիսկերը եւ սպառնալիքները ՀԱՊԿ պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի անվտանգության համար:

Մենք Սիրիայում հակամարտության առաջին իսկ օրերից հանդես էինք գալիս դրա շուտափույթ խաղաղ կարգավորման օգտին՝ համազգային երկխոսության հիման վրա: Այդ կապակցությամբ միջազգային հանրության, մասնավորապես՝ Սիրիայի հետ հարեւան պետությունների դերը, պետք է կայանար հենց այդ երկխոսության աջակցության մեջ՝ հաշվի առնելով հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի շահերը:

Այս համատեքստում մենք միանշանակ ողջունում ենք ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Հարգարժան գործընկերներ,

Որպես ամփոփում, ցանկանում եմ հաստատել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության աջակցման գործում մեծ ներդրում ունեցող Համագործակցության Շանհայի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու Հայաստանի հետաքրքրվածությունը: Այս հարցում ակնկալում եմ ձեր աջակցությունը:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին՝ Ղրղզստանի նախագահության շրջանում անձամբ իր եւ մեր բոլոր ղրղզ գործընկերների կողմից իրականացված մեծ աշխատանքի համար: Էստաֆետն ընդունում է ռուսական կողմը:

Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ եւ մեր ռուսաստանցի բարեկամներին հաջողություններ եւ պատրաստ ենք սերտ համագործակցության”,-ասել է Սարգսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ