Հողը վրան թեթեւ լինի. Հրապարակ
ատգամավորության թեկնածուների ինքնաբացարկները, ապա «Ծառուկյան դաշինքի» անդամների հրաժարվելը դիմումներից բացահայտեցին մի շարք խորքային իրողություններ: Հերթական անգամ «ջրի երես» դուրս եկավ, թե ինչ հենքի վրա են կառուցված մեր կուսակցությունները, որքանով են հաշվետու հանրությանը, ինչ նպատակով են տարբեր անհատներ ձգտում տիրանալ Աժ պատգամավորի բաղձալի մանդատին:
Աժ պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ զրույցում հետաքրքրվեցինք, թե 6-րդ գումարման Աժ-ում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ներսում ստեղծված նման իրավիճակը, երբ ընտրություններից մեկ ամիս անց մարդիկ փորձում են պարզել իրենց կարգավիճակը, ինչպիսի արձագանք կարող է գտնել միջազգային կառույցներում, որոնք ակնդետ հետեւում են ընտրություններին եւ գնահատականներ տալիս դրանց:
«Դժվար թե «Ծառուկյան դաշինքում» ստեղծված իրավիճակը միջազգային կառույցների համար դառնա թեմա: Եթե նրանք գան Հայաստան, ուսումնասիրեն իրավիճակը եւ զեկույց գրեն Հայաստանի մասին, ասեն, որ Հայաստանում եղել է նման իրավիճակ, եւ համարեն, որ դա կապված է օրենքի բացթողումների կամ խախտումների հետ, ապա այդ տեսանկյունից կլինեն բացասական գնահատականներ: Մյուս կողմից` հարցը պետք է դիտարկել իրավական դաշտում: Եթե մարդիկ ընդունում են, որ ստորագրություններն իրենցը չեն, ապա նրանք պետք է դիմեն դատարան»,- ասաց Թեւան Պողոսյանը:
Նկատեցինք, որ 6-րդ գումարման Աժ ընտրություններն անցան նոր Սահմանադրության ընդունումից հետո, երբ անցում կատարվեց կառավարման խորհրդարանական համակարգին: Ընտրական համակարգում նորամուծություն էր նաեւ ռեյտինգա- յին ընտրակարգը, որն առաջին անգամ էր փորձարկվում:
«Դա կապ չունի: Պատկերացրեք, որ ամեն ինչ հին ձեւով է ընթանում, չունենք ռեյտինգային ընտրակարգ: Մենք ունենք իրավական կազուսի դեպք, երբ մարդն ասում է, որ իր անունից դիմում են գրել, ինքը չի ստորագրել: Սա դատական համակարգով լուծելու խնդիր է: Այլ կերպ կլիներ, եթե մարդն ասեր, որ ինքը գրել է նման դիմում, սակայն փոշմանել է: Բայց խնդիրը մնացել է. մարդիկ ասում են, որ իրենք չեն գրել, մյուս կողմն էլ ասում է, որ իրենք են
գրել, ստորագրել, նոտարիուսի մոտ վավերացրել:
Հիմա ես որ կողմին հավատամ: Այդ մարդիկ ընտրվել են հանրության կողմից, եւ եթե հարգում են իրենց ստացած քվեն` որպես Աժ պատգամավոր, ապա պետք է դիմեն դատարան: Այնտեղ նրանք պետք է ասեն, որ իրենք չեն գրել դիմումը, եւ հարցն այդ կերպով կպարզաբանվի: Եթե մարդը փոշմանել է, ապա այդ դեպքում այլ խնդիր է ծագում, որովհետեւ իրենք պետք է պատասխան տան իրենց ընտրողներին, եւ նրանք էլ իրենց գնահատականը տան այդ մարդկանց վարքագծին»,- ասաց մեր զրուցակիցը:
Թեւան Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե տեղի ունեցածն արդյոք չի վկայում քաղաքական համակարգում ստեղծված ճգնաժամի մասին: «Մեր կուսակցություններն առայժմ հիմնված չեն արժեքային համակարգի, գաղափարախոսության վրա, այլ ընդամենը տարբեր պաշտոններ ձեռք բերելու համար են օգտագործվում: Մենք կարող ենք ասել, որ ունենք շատ վատ Ընտրական օրենսգիրք, որը թույլ չի տալիս քաղաքական դիսկուրսի եւ քաղաքական համակարգի կայացումը: Ես առաջարկում եմ լսել իմ երեք ելույթներն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, հատկապես վերջինը’ «Հողը թեթեւ լինի ձեր Ընտրական օրենսգրքի վրա», որովհետեւ դուք
սրանով սպանեցիք քաղաքական դիսկուրսը Հայաստանում: Ես ասել եմ, գիտակցել, որ սա ճգնաժամ է ստեղծելու, եւ եղած օրենքները չեն նպաստում քաղաքական դաշտի ձեւավորմանը»,- ասաց Թեւան Պողոսյանը:
«Կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելուց հետո կայացած ընտրություններից, ինքնաբացարկների պատմությունից հետո ինչպես կարող է հանրությունը որոշումներ կայացնելու հարցում վստահել Նման խորհրդարանին»,- հետաքրքրվեցինք մենք:
«Հանրությունը թող նույնպես դասեր քաղի, երբ իր քվեն տվել էր այդ քաղաքական ուժին: Երբ իրենց քվեն տալիս էին այդ քաղաքական ուժին, ինչով էին առաջնորդվում: Ես այն մարդն եմ, որ դեկտեմբերից մինչեւ ընտրությունների օրն ասել եմ ժողովուրդ ջան, ծրագիր պահանջեք, քաղաքական արժեքներն ընկալեք, իմացեք, թե հաջորդ պահին իրենք ինչ գործողություններ են անելու: Ինչպես են քվեարկել այդ մարդկանց օգտին, չէ որ այդ ձայները ֆիքսված են: Եվ հիմա մարդիկ իրենք պետք է գիտակցեն, թե ում են ընտրել, իրենց քվեին տեր կանգնելու համար մտածեն պայքարի տարբեր ձեւեր: Հակառակ դեպքում
` լինելու են նման կազուսներ»,- ասաց Աժ պատգամավորը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: