Բիզնես միջավայրի բարելավման տեսանկյունից Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել. ՎԶԵԲ-ի գրասենյակի ղեկավար
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներայի գլխավորած պատվիրակությանը:
Պարոն Բալվաներան կառավարության ղեկավարին է ներկայացրել Հայաստանում ՎԶԵԲ-ի գրասենյակի նոր ղեկավար Մարկ Դևիսին:
Շնորհավորելով վերջինիս նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. ՛՛Մենք կարևորում ենք Հայաստանիև ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և ցանկանում ենք հետագայում ևս խորացնել և ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը:
Զրուցակիցները դրական և արդյունավետ գնահատելով համատեղ ծրագրերի ընթացքը՝ գոհունակություն են հայտնել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված համագործակցության մակարդակից:
Բրունո Բալվաներան նշելէ, որ կառուցվածքային բարեփոխումների, այդ թվում բիզնես միջավայրի բարելավման տեսանկյունից Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել և հույս հայտնել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:
ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը շնորհավորել է նաև ՀՀ կառավարությանը՝ եվրոբոնդերի թողարկման կապակցությամբ: Դա կարևոր ձեռքբերում է միջազգային կապիտալ շուկաների միջավայրում, ինչը թույլ կտա Հայաստանին ներգրավել ավելի շատ ներդրում՛՛,- ասել է Բրունո Բալվաներան:
Վերջինս նշել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստակամ է զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը և մշակել ու իրականացնել համատեղ նոր ծրագրեր: