24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եւս մեկ հնարավորություն

Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանը միշտ էլ եղել է աշխարհաքաղաքական բևեռների ուշադրության կիզակետում: Աշխարհաքաղաքական գործընթացների առումով այն բավական լավ աշխարհագրական դիրք ունի և հանդիսանում է յուրօրինակ  միջանցք  հարավի և հյուսիսի, արևմուտքի ու արևելքի միջև: 

Այս միջանցքն էներգառեսուրսներով հարուստ տարածաշրջանների հասանելիության առումով էլ բավական գայթակղիչ է, և դա է պատճառը, որ գլոբալ խաղացողները շախմատի գլոբալ խաղատախտակի այս հատվածում կատաղի պայքար են մղում:

Այսպես, ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանին  տված հարցազրույցում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը լավագույնս ցույց տվեց վերոնշյալի անբեկանելիությունը: Նա արեց մի շարք ուշագրավ հայտարարություններ, որոնց արժե անդրադառնալ:

“Հայաստանի ղեկավարները թե՛ հրապարակավ, թե՛ մասնավոր զրույցներում մեզ և ԵՄ-ին վստահեցրել են, որ մտադիր են շարունակել  բարեփոխումների  գործընթացը, և մենք շարունակելու ենք հնարավորինս խթանել, առաջ մղել, խրախուսել և աջակցել այս պրոցեսը”,- հայտարարել է  նա: ԱՄՆ դեսպանի այսպիսի հայտարարությունը չէր կարող չնշանակել, որ Արևմուտքն ամենևին  էլ  մտադիր չէ  հրաժարվել Հայաստանից չնայած նրան, որ վերջինս ցանկանում է մտնել Մաքսային միություն:

Սա հակազդման գլոբալ  քաղաքականության օրինաչափ վարքագիծ է, որն արդեն  կարող է լինել ավելի շատ սկզբունքների, քան շահերի պայքար՝ սկզբունքը նույնիսկ դիտարկելու որպես գլոբալ շահի բաղկացուցիչ: 

Ամերիկյան ՛՛սպին դոկտորը՛՛ եկավ օգնելու ԵՄ-ին՝ ախտորոշել ռեգիոնալ քաղաքականության համախտանիշը: Հատկանշական է, որ Հեֆերնը խոսքի մեջ նույնականացրեց ԱՄՆ-ը և ԵՄ-ն՝ հավանաբար ցույց տալով  Մոսկվային, որ Հարավային Կովկասում ցանկացած հարց առնչվում է նաև  իր կենսական  կամ, առնվազն, կարևոր շահերին, իսկ հայտնի է, թե ինչպես են ԱՄՆ շահերը հերկում աշխարհաքաղաքական ցանկացած անկյուն: 

Այստեղ հատկանշական է, որ պարոն դեսպանը շեշտեց Հայաստանի սուվերենությունը,  ինչը իվանագիտական այն մեսիջն էր, որ Ռուսաստանն իրավունք չուներ ճնշում գործադրելու Երևանի կամարտահայտության վրա,  այսինքն՝ Ռուսաստանի  ղեկավարությունն անընդունելի վարք է դրսևորել: 

Փոխարենը, շեշտելով Հայաստանի ազատ ընտրության հնարավորության կարևորությունը՝ նա անուղղակիորեն հասկացրեց, որ ԱՄՆ-ն երբեք չի  սահմանափակում  իր  գործընկերների  ազատ ընտրության հնարավորությունը՝ այսպիսով ցույց  տալով ԱՄՆ-ի և  Ռուսաստանի  արժեհամակարգերի  որակական տարբերությունը: 

Պատահական չէր, որ դեսպանը երկու անգամ շեշտեց, որ Հայաստանի ղեկավարությունը խոստացել է շարունակել հարաբերությունները ԵՄ-ի  հետ ինտեգրացիոն գործընթացներում: 

Սա, ըստ ամենայնի, նշանակում էր, որ հայերն ունեն ևս մեկ հնարավորություն ԵՄ-ի հետ հարաբերությունների կառուցման  համար. քաղաքական խոստումը, որին Բրյուսելն  ու  Վաշինգտոնը դեռևս վստահում են  և պատրաստ են օժանդակել դրա  իրականացմանը:

Փաստորեն,ԱՄՆ-ը  պատրաստվում է տարածաշրջանային նոր հարաբերությունների մշակմանը,  այն կարող է փոխել սեփական քաղաքականության կառուցվածքային  որոշ բաղադրիչներ, որը թույլ կտա մանևրի լայն դաշտ բացել:  

Այն դեպքում, երբ Ռուսաստանը վերջնականապես “կստանա” Հայաստանը, ԱՄՆ-ը կներքաշի մյուս երկու պետությունները, իսկ Հայաստանը ռուսական ազդեցության ոլորտում կլինի միայն  ինստիտուցիոնալ  բաղադրիչով՝ գաղափարական, մշակութային, ֆունկցիոնալ առումներով մնալով արևմտյան արժեհամակարգի մի մասնիկ: Իսկ սրան Ռուսաստանը չպետք է խոչընդոտի. չէ՞ որ նրա նպատակը Հայաստանի մասով իրականացավ:

 

Արման Սահակյան քաղաքագետ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ