26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Wikipedia»-ի հիմնադիրն արձագանքել է Թուրքիայում այս կայքի արգելափակմանը

Խոշորագույն ինտերնետային հանրագիտարանի՝ «Wikipedia»-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսն արձագանքել է Թուրքիայում առանց համապատասխան դատական որոշման «Wikipedia»-ի արգելափակման փաստին:

Թուրքական «Birgün.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ թեմայի վերաբերյալ «Twitter»-ում հրապարակում կատարած Ուեյլսը մասնավորապես ասել է. «Տեղեկատվության հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Ես միշտ կաջակցեմ թուրք ժողովրդին՝ իր այդ իրավունքի իրացման համար մղվող պայքարում»:

Իսկ «Wikimedia Community»-ի Թուրքիայի օգտատերերի խումբը (Wikimedia Topluluğu Kullanıcı Grubu Türkiye) իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել. «Մենք այսօր ցավով նկատեցինք, որ Թուրքիյում ժամը 08:00-ից արգելափակվել են «Wikipedia»-ի բոլոր լեզուների, այդ թվում՝ թուրքերեն բաժինները: «Wikipedia»-ի բոլոր նախագծերը ղեկավարող «Wikimedia» հիմնադրամը թեմայի վերաբերյալ ուսումնասիրություններ և քննարկումներ է վարում:

Մենք ցավալի ենք համարում որևէ գովազդից զերծ, ոչ առևտրային այս նախագծի արգելափակումը, որի հիմնական սկզբունքը բովանդակության հավաստիության ապահովումն է: Բազմաթիվ կամավորներ աշխատում են այս նախագծի վրա, որպեսզի յուրաքանչյուրի համար ազատորեն և անկողմնակալ կերպով հասանելի դարձնեն համամարդկային գիտելիքները: Հարգանքներով… »:

Թուրքիայում «Wikipedia»-ի արգելափակման առթիվ իր մտահոգություններն է հայտնել նաև «Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը»՝ հիշեցնելով, որ այս խոշորագույն օնլայն հանրագիտարանը լայնորեն օգտագործվում էր հատկապես թուրք երիտասարդության կողմից:

Հիմնադրամը կոչ է արել անհրաժեշտության դեպքում արգելափակել միայն խնդրահարույց հոդվածները՝ զերծ մնալով միլիոնավոր օգտատերերի տեղեկատվության հասանելիութան սահմանադրական իրավունքը ոտնահարելուց: Կառույցը հույս է հայտնել, որ Թուրքիայի պատասխանատու մարմինները կուսումնասիրեն այս խնդիրը  և շուտափույթ լուծում կգտնեն:

Հիշեցնենք, որ Թուրքիայում «Wikipedia»-ն արգելափակվել էր  ապրիլի 29-ի վաղ առավոտյան: Այս մասին համապատասխան դատական որոշում չի կայացվել, բայց Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհուրդը (BTK) տեղեկացրել է, որ կայքի նկատմամբ վարչական միջոցներ են կիրառվել:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ