Տես սեփական մեղքերդ
«ՏԵՐ, ՊԱՐԳԵՎԻՐ ՄԵԶ՝ ՔՈ ՇՆՈՐՀԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ՄԵՋ ԲՆԱԿՎՈՂ ԲԱԶՄԱՏԵՍԱԿ ԱԽՏԵՐԸ․․․»
Աստված, միայն Աստված կարող է այդ խամրած գրերն ընթեռնելի դարձնել և նենգամիտ խղճից մարդուն ազատել։ Միայն Աստված կարող է մարդուն սեփական մեղքերը տեսնելու շնորհ տալ, տեսնելու նաև իր անկման մեղքը, որի մեջ մարդկային բոլոր մեղքերը արմատը, սերմը, սաղմը, ամբողջականությունը։
Օգնության կանչելով Աստծո ողորմությունն ու զորությունը ջերմեռանդ աղոթքով, ողջամիտ պահքով, արտասվելով ու սրտի հառաչանքով՝ վերստին բացում եմ խղճիս գիրքը, նորից տնտղում մեղքերիս քանակն ու տեսակը, քննում ի՞նչ են ինձ պատճառել իմ գործած մեղքերը։
Տեսնում եմ, «Անօրենությունները գլխիցս վեր բարձրացան, սաստիկ բեռան պես ծանրացան վրաս» (Սաղմ․ 37:5)։ Այդպիսի մեղսանքի հետևանքն ինչպիսի՞ն է․ «Ինձ պաշարեցին չարիքներ, որոնք անթիվ էին․ անօրենություններս ինձ վրա հասան, և ես չկարողացա նկատել, գլխիս մազերից ավելի շատ եղան դրանք, և սիրտս ինձ լքեց» (Սաղմ․ 39:13)․․․
Ինչպիսի՞ եզրահանգման է ինձ տանում անձիս ուղղված այսպիսի ներհայացքը։ Այնպիսի եզրահանգման, որի ներսում, իմ ամբողջ էության մեջ բուն է դրել մեղսակիր խեղումը, որը համակրում և օգնում է դրսից ինձ վրա հարձակվող մեղքին։ Ես նման եմ ծանր շղթաներով կապված կալանավորի։ Ամեն ոք, ում միայն դա թույլատրվի, կալանավորին բռնում և ուր ուզում տանում է, որովհետև կալանավորը, շղթայված լինելով, դիմադրելու հնարավորություն չունի։․․․
Ես չեմ ժառանգել ապաշխարությունը, որովհետև դեռ չեմ տեսնում իմ մեղքը։ Չեմ տեսնում մեղքս, որովհետև դեռևս ծառայում եմ մեղքին։ Մեղքի հաճույք զգացողը չի կարող տեսնել իր մեղքը՝ թույլ տալով իրեն այն ճաշակել՝ թեկուզ միայն մտածումներով ու սրտի հավանությամբ։ Իր մեղքը կարող է տեսնել նա, ով վճռական կամքով հրաժարվել է մեղքի հետ ամեն տեսակ ընկերակցումից, ով արթուն պաշտպան է կանգնել իր տան դարպասների առաջ մերկացրած սրով՝ Աստծո խոսքով, ով այդ սրով ետ է մղում, թրատում մեղքին՝ ինչ տեսքով էլ որ այն մոտենա իրեն։ ․․․
Եթե ունես պահանջ ինքդ քեզ հետ զրուցելու, ապա քեզ ոչ թե հաճոյախոսիր, այլ՝ հանդիմանիր։ Մեր անկման վիճակում դառը դեղամիջոցները մեզ օգտակար են։․․․
Սեփական մեղքը տեսնելը և դրանից ծնված ապաշխարությունն է երկրի վրա վերջ չունեցող հիմնական գործը։
Մեղքը տեսնելով է արթնանում ապաշխարությունը, ապաշխարությամբ է ձեռք բերվում մաքրագործումը։ Աստիճանաբար մաքրագործվող մտքի աչքը մարդկային ամբողջ էության մեջ այնպիսի թերություններ ու խեղումներ է սկսում տեսնել, որ նախկինում իր խավարամտության ժամանակ ամենևին չէր նկատում։
ԻԳՆԱՏԻՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԲՐՅԱՆՉԱՆԻՆՈՎ
Ռուսական Եկեղեցու սրբերից (1807-1867)
«Մոլորության մասին» գրքից