25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վտանգավոր է. Հրապարակ

Թերթի հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

-2018թ․ Սերժ Սարգսյանը սահմանադրական ճանապարհով պետք է հեռանա։ Կարո՞ղ է այն փոփոխությունների ճանապարհ բացել։

-Դեռ հարց է՝ հեռանալու՞ է, թե՞ ոչ։ Էականը հեռանալը չէ։ Էականն այն է, թե հասարակությու՞նն է որոշում կայացնելու, թե՞ մարդկանց ինչ-որ մի խումբ։ Երբ հասարակությունը որոշումներ կայացնելուց օտարվում կամ գնվում է, ապա մենք ունենում ենք լկտիացած իշխանություն։ Իշխանությունը միտում ունի չարաշահումների, եւ այդ չարաշահումների մասշտաբը նվազում է, երբ հասկանում է, որ կարող է գալ այլ իշխանություն։ Մենք չունենք ինքնաբավ զարգացող հասարակություն եւ պետություն, այլ կարիքի մեջ գտնվող հասարակություն։

-Առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են, եւ «Ելք»-ն ու «Երկիր ծիրանի»-ն ջանք չեն խնայում այդ ընտրությունների ժամանակ հաղթելու համար։ Ինչու՞ է, ըստ Ձեզ, հասարակությունն անտարբեր։

-Բոլոր դեպքերում պետք է ողջունել ցանկացած մրցակցություն, քանի որ այն դրական երեւույթ է։ Չեմ կարող ասել, թե այդ մրցակցությունը ինչ արդյունքի կհանգեցնի, քանի որ այն կախված է մրցակցող կողմերի հնարավորություններից եւ պարկեշտությունից։ Ենթադրում եմ, որ ՀՀԿ-ն կանի ամեն ինչ Երեւանում իր իշխանությունը վերահաստատելու համար։ Բայց վստահ եմ, որ դա չի բխում երեւանցիների շահերից։

Չեմ կարծում, թե ՀՀԿ-ն խոհեմություն կցուցաբերի իրական մրցակցային պայքար մղելու համար, որովհետեւ նման դեպքում նա որեւէ տեղ չի ունենա հաղթելու շանս։ Խնդիրն այն է, որ իշխող ուժը պետք է հասկանա՝ կառավարումը պետք է լինի չեզոք, դատական իշխանությունն՝ անկողմնակալ։ Բայց այսօր ակնհայտ է, որ կառավարումը չեզոք չէ եւ բարյացկամ է իրեն սատարողների նկատմամբ, իսկ դատական իշխանությունն էլ կատարում է բոլորին իշխող դասին ենթարկեցնելու առաքելություն։ Եվ պետությունն ու հասարակությանն այսպիսի ստագնացիայի հասցնելու «խիզախության» համար ուղղակի կարելի է ողջունել ներկա իշխանություններին, քանի որ պատմական առումով նրանք խարազանվելու են։

-Սերժ Սարգսյանին վերջին շրջանում հաջողվեց «անկյուն քշել» որոշ «հեղինակությունների»՝ Հովիկ Աբրահամյանին, Գագիկ Բեգլարյանին, Սուրիկ Խաչատրյանին։ Փոխարենը նա պետական համակարգ է բերում ուսյալ, արտերկրում կրթված մասնագետների։

-Եթե Սերժ Սարգսյանը մտածում է այդ համակարգը մաքրելու մասին, ապա դա երկար ժամանակ կպահանջի, միանգամից հնարավոր չէ։ Պետք է աստիճանաբար հիմքեր ստեղծել, որպեսզի իշխանությունը չվերարտադրվի։ Դրա համար պետք է ստեղծել կառույցներ, նախ եւ առաջ՝ կուսակցություններ, որոնք այսօր անհատների կազմակերպություններ են։ Իսկ կուսակցությունների գործունեության համար պետք են մրցակցային պայմաններ, նյութական ռեսուրսներ, նաեւ՝ այն հանգամանքը, որ չդառնան պետական համակարգի մաս։ Իսկ այսօր ՀՀԿ-ն դարձել է պետական կառավարման մաս։

Պետք է ընդունել, որ ասպարեզ է գալիս կրթված սերունդ, բայց պետական համակարգ են մուտք գործում պատեհապաշտները, սկզբունքայինները տեղ չունեն։ Օրինակ, «Ելք» դաշինքը ապագային է միտված, բայց մյուս կողմից երբ ասպարեզ են բերվում փեսաներ, ազգականներ, ապա խորանում է կոռուպցիան։ Սերժ Սարգսյանի վիճակը վտանգավոր է նրանով, որ այսօր չկա իրեն դիմադրող ուժ։

-Իսկ այս իրողությունը ճանապարհ չի՞ բացում հեղափոխական լուծումների համար։

-Եթե Սերժ Սարգսյանը չընտրի փոփոխությունների ճանապարհը, ապա այս իրավիճակն ավարտվելու է պայթյունով։ Իսկ դա կարող է վերածվել անձնական ողբերգության, ինչը ցանկալի չէ։ Ավտորիտար համակարգի այս փուլը կարող է տանել կա՛մ դեմոկրատացման ճանապարհով, կա՛մ կարող է խորացնել ավտորիտարիզմը։ 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ