25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սպառվում է

Oil and Gas Journal հեղինակավոր ամսագրի վերջին համարից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի հում նավթի ապացուցված պաշարները կազմել են 7 մլրդ բարել: Այս գնահատականը կրկնում է բրիտանական British Petroleum ընկերության էներգետիկ վիճակագրական տեղեկատուների այն հայտնի պնդումը, որ Ադրբեջանի հում նավթի ապացուցված պաշարները չեն փոխվել 2002-ից ի վեր և կազմում են 7 մլրդ բարել:

Ադրբեջանում նավթի ապացուցված պաշարների առյուծի բաժինն Ադրբեջանի ափեզրյա (offshore) նավթադաշտերինն է: Հում նավթի ապացուցված պաշարների տեսանկյունից ամենահարուստը Կասպիցի Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտն է

Դեռ ԽՍՀՄ տարիներին պեղված նավթադաշտն այսպես կոչված «գերդաշտ» է: Համաձայն մի շարք առավելապես շատ մեջբերվող աղբյուրների, այն գտնվում է Բաքվից մոտ 120 կմ արևելք-հարավ-արևելք: Ընդհանուր մակերեսը կազմում է 432.4 կմ2, 100-400 մ ջրի խորությամբ: Հիմնական նավթաբեր շերտերն ընկած են ծովի հատակից 2.5-3.0 կմ խորության վրա: 1990-ականների սկզբին մասնագետները հակված էին կարծելու, որ գործ ունեն 3-4 առանձին նավթադաշտերի հետ: Հետագա ուսումնասիրությունները հերքեցին այս տեսակետը, և ներկայումս այն դիտարկվում է որպես ածխաջրածինների միացյալ, այսպես կոչված, «գերդաշտ»:

Անմիջապես ընդգծենք, որ բաց աղբյուրներում և համացանցում հասանելի Կասպիցի նավթադաշտերի գրեթե բոլոր քարտեզներում Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտ դիրքը ներկայացված է աղավաղված, այն արհեստականորեն մոտեցված է Ադրբեջանի ծովափին: Նույնը վերաբերում է «Բաքվից մոտ 120 կմ» հեռավորության գնահատականին: Բայց, օրինակ, թուրքմենական ԱԳՆ տվյալներով, այն գտնվում է ոչ թե 120, այլ 160 կմ հեռավորության վրա: Բանն այն է, որ նշված նավթադաշտն ինքնին ձգվում է արևելք-հարավ-արևելք ուղղությամբ՝ մոտ 100 կմ երկայնքով:

Համաձայն Գլոբալ սեքյուրիթի կազմակերպության տվյալների, 2010թ. Ադրբեջանում Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտ էր արդյունահանվել այդ տարի հում նավթի ընդհանուր ծավալի 80%-ից ավելին: Անցած տարիներին այս համամասնությունն ընդհանուր առմամբ պահպանվել է: Համաձայն Statoil ընկերության տվյալների, 1994թ. կնքված, Արդյունքի բաշխման hամաձայնագրի (PSA) կողմից սահմանված տարածքում և համաձայնագրի գործունեության ժամանակահատվածում (1994-2024թթ.) Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթի հասանելի պաշարները գնահատվում են 5.4 մլրդ բարել, այսինքն՝ Ադրբեջանի ապացուցված պաշարների 77%-ը:

Ընդ որում, համաձայն նույն աղբյուրի, 2009թ. վերջի դրությամբ այստեղից արդեն արդյունահանվել էր 1.4 մլրդ բարել նավթ, այսինքն՝ նավթադաշտի հասանելի պաշարների 26%-ը: Այս գնահատականներն ընդհանուր առմամբ հաստատվում են նաև Wikileaks կայքի հրապարակած՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունների տվյալներով:

Դեռ 2002 թվականից Ադրբեջանի նավթի ողջ ապացուցված պաշարները BP ընկերության տարեկան տեղեկագրերում գնահատված էին 7 մլրդ բարել: Այդ ցուցանիշը մնում է անփոփոխ մինչև օրս: Այստեղից կարելի է բխեցնել երկու հետևություն: Կամ BP ընկերության՝ Ադրբեջանի նավթի ողջ ապացուցված պաշարների 2002-07թթ. գնահատականները կրում էին ուռճացված բնույթ և քիչ թե շատ հիմնավորվեցին միայն 2007թ.` Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտի արդյունահանելի պաշարների վերանայումից հետո, կամ 2007թ. նավթադաշտի արդյունահանելի պաշարների վերանայումն իրականացված էր այնպես, որ համապատասխանի Ադրբեջանի նավթի ապացուցված պաշարների դեռ 2002թ. տրված գնահատականին:

Հետաքրքրական է նաև, որ Statoil ընկերության 2011թ. հունվարի 18-ի Ազերի-Չիրագ-Գյունեշլի արդյունահանելի նավթի պաշարների վերը նշված գնահատականը (5.4 մլրդ բարել) համապատասխանում է Wikileaks-ի 2007թ. ապրիլի 27-ի 07 BAKU 522 հաղորդագրությունում բերվող գնահատականների տիրույթի (5.4-6.3 մլրդ բարել) ստորին արժեքին: Համաձայն մասնագիտական բազմաթիվ գնահատականների, Ազերի-Չիրագ-Գյունեշլի հասանելի պաշարներն արդյունաբերական մասշտաբների արդյունահանման համար կսպառվեն 2018-20թթ. ժամանակահատվածում: Այս առումով առավել հաճախակի նշվում է 2018-19թթ.:

Արմեն Հովասափյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ