Վերջ Հայոց ցեղասպանության հերքմանը․ Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն»
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (ՄԻՄ-İHD) հանդես է եկել գրավոր հայտարարությամբ:
Թուրքական «Karınca» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Համաձայն Ստամբուլի Հայոց պատրիարքարանի տվյալների՝ առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում շուրջ 2 մլն հայ էր բնակվում: Արևմուտքից մինչև արևելք, հյուսիսից հարավ, այսինքն՝ Փոքր Ասիայի ամեն մի անկյունում՝ ամբողջ 2.925 հայկական բնակավայր կար՝ քաղաքներ, գյուղեր, ավաններ: Այդ բնակավայրերում բնակվող հայ համայնքը ուներ 1.996 դպրոց, 173.000 աշակերտ, 2.538 եկեղեցի ու վանական համալիր:
1915թ. սկսված Ցեղասպանության ընթացքում և դրանից հետո, իսկ այնուհետև՝ հանրապետական գործիչների վարած քաղաքականության արդյունքում այդ բնակավայրերից ոչ մեկը կանգուն չմնաց: Իսկ կանգուն մնացածներն էլ արդեն հայկական բնակավայրեր չեն: Ենթադրաբար շուրջ 60.000 հոգուց բաղկացած ներկայիս հայ համայնքը կենտրոնացված է հիմնականում երեք խոշոր քաղաքներում, իսկ ամենաշատը՝ Ստամբուլում:
Պետությունը չսահմանափակվեց հայերին վերացնելով: Ոչնչացվեցին նաև հայերի թողած հետքերը: Այսօր նախկին հայաբնակ վայրերում նրանց հետքերը չեք կարող գտնել: Եկեղեցիները ենթարկվել են ոչ միայն բնության տարերքների կործանիչ ազդեցությանը, այլև ռմբակոծվել, պայթեցվել են: Անատոլիայում եղած դպրոցներից ոչ մեկն այլևս գոյություն չունի:
Ցեղասպանության ընթացքում միայն մարդիկ չեն համատարած ոչնչացվել, նրանց դպրոցները, եկեղեցիները, գերեզմանոցները, վանական համալիրները, աշխատավայրերն ու բոլոր հասարակական կառույցներն են ոչնչացվել:
Ցեղասպանությունը միայն սոսկալի կոտորածներից, դիերով լցված գետերից, մասնատված մարդկային մարմիններով լի ձորերի տեսարաններից չի բաղկացած: Ցեղասպանությունը մահվանը նախապատվություն տալն է, դա այն է, երբ մահը միայն փրկություն է, դա մի սարսափելի աքսոր է, որի ընթացքում մարդը դադարում է մարդ լինելուց: Եվ այդ ճանապարհին՝ հարձակումներ, սով, հիվանդություններ ու բռնաբարություններ: Դա սերնդեսերունդ փոխանցվող խոր ու անբուժելի ցավ է, աննկարագրելի ու աններելի մի ողբերգություն»:
Կազմակերպությունն իր հայտարարության մեջ հիշեցնում է նաև, որ Ցեղասպանության ընթացքում ոչ միայն ոչնչացվել են հայերն ու իրենց մշակույթը, այլև ոճրագործները յուրացրել են հայերի ողջ ունեցվածքը՝ կանխիկ գումարները, թանկարժեք իրերը, գույքը և անգամ՝ բանկային հաշիվները:
Ըստ ՄԻՄ-ի կատարած հաշվարկների՝ 1915թ. հայերից կողոպտված գույքի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 22 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ, մեծ թվով քրիստոնյաներ այն ժամանակ ֆրանսիական և ամերիկյան ընկերություններում ունեցել են կյանքի ապահովագրություններ: Դրանց ընդհանուր արժողությունը, ըստ հաշվարկների, գերազանցել է 20 մլն ԱՄՆ դոլարը: Այն ժամանակվա օսմանյան կառավարությունը հայտեր է ներկայացրել վերոնշյալ կազմակերպություններին՝ տեղեկացնելով, որ այդ մարդիկ մահացել են, իսկ ժառանգներ նրանք չունեն, և պահանջել օսմանյան գանձարանին փոխանցել այդ ապահովագրության գումարները:
«Արդեն 102-րդ տարին է՝ Հայոց ցեղասպանությունը հերքվում է: Հերքելը միայն «Ես չեմ արել» ասելը չէ: Հերքում է նաև այն, որ հայտարարվում է. «Արել ենք, քանի որ նրանք դրան արժանի էին»:
«Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը՝ 2017թ. ապրիլի 24-ին, մենք՝ «Մարդու իրավունքների միության» բոլոր ներկայացուցիչներս, միաձայն և միաժամանակ ողջ ուժով բարձրաձայնում ենք. «ԲԱՎԱԿԱՆ Է ԱՐԴԵՆ: ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐՋ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՔՄԱՆԸ»,- ասված է հայտարարության մեջ: