Իրանի նախագահի թեկնածուների անուններն արդեն հայտնի են
Քանի որ արդեն հայտնի են Իրանում մոտ մեկ ամիս հետո կայանալիք նախագահական ընտրությունների մասնակից վեց թեկնածուները, ապա, հաշվի առնելով մեր հարավային հարևանի էթնիկ-դավանական և լեզվական առանձնահատկությունները, կարծում եմ՝ կարևոր կլինի հասկանալ, թե ինչ ծագում ունեն և որտեղից են սերում մերձավորարևելյան այս գերտերության նման բարձր պաշտոն ստանձնելու հավակնություն ունեցողները:
Գործող նախագահ Հասան Ռուհանին ծագումով Սեմնան նահանգի Սորխեի շրջանից է, որտեղ խոսվում է ոչ պարսկական, պայմանականորեն՝ «պարթևական» բնույթի իրանական բարբառ:
Գործող փոխնախագահ Էսհաղ Ջահանագիրի Քուհշահին, դատելով հենց ազգանվան երկրորդ բաղադրիչից, սերում է ًՔերման նահանգի Քուհշահի շրջանից, որտեղ խոսվում են «պարսկական» տիպի հնավանդ բարբառներ:
Մոսթաֆա Աղա Միրսալիմը ծնվել է Թեհրանում, հավանաբար բնիկ թեհրանցի է և քանի որ սեյիդ է, ապա, ըստ ավանդության, սերում է կա՛մ ուղղակի Մուհամմադ մարգարեի, կա՛մ տասներկու իմամների ընտանիքներից մեկից:
Էբրահիմ Ռայիսին (Ռաիս ալ-Սադաթ) սերում է Խորասանի կենտրոն Մաշհադ քաղաքի Նովղան թաղամասից: Լինելով սեյիդ, ըստ ավանդության, սերում է կա՛մ ուղղակի Մուհամմադ մարգարեի, կա՛մ տասներկու իմամների տոհմերից մեկից: Նովղանը պատմական ավան էր՝ հռչակավոր այստեղ գտնվող շիայական ութերորդ իմամ Ռեզայի դամբարանով, որի շուրջ էլ հետագայում գոյացավ Մաշհադ քաղաքը: Մեծ իմաստով Խորասանը նոր պարսկերենի հայրենիքն է:
Թեհրանի այժմյան քաղաքապետ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը ծագումով կրկին խորասանցի է, ծնվել է քուրդ հորից և պարսկուհի մորից Մաշհադ քաղաքում: Խորասանյան քրդերին այս տարածաշրջան են տեղափոխել իրանական արքաները նաև Արևմտյան Հայաստանի տարածքից: Նման խոշոր քրդական ցեղամիավորումներից է չեմիշգեզեքը, որը պատմականորեն բնակվել է Չմշկածագի շրջանում:
Մոսթաֆա Հաշեմիթաբան ծնվել է Սպահանում, քանի որ հաշեմիական սեյիդ է, ապա, ըստ ավանդության, սերում է կա՛մ շիայական երկրորդ իմամ Հասանի, կա՛մ երրորդ իմամ Հուսեյնի տոհմից: Սպահանում և շրջակա բնակավայրերում ժամանակին խոսում էին պայմանականորեն «մարական» բնույթի իրանական բարբառներով, սակայն հետագայում պարսկերենը քաղաքում դուրս է մղել տեղական բնիկ խոսվածքները:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը: