Էրդողանին առաջինը շնորհավորել է Ալիևը
Ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած սահմադրական հանրաքվեի ոչ պաշտոնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այդ մասին հայտնում է թուրքական «Karar» լրատվամիջոցը:
Թուրքիայի նախագահն Ալիևին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած աջակցության համար: Երկու նախագահները հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել են, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները տարբեր հարթություններում շարունակվելու են զարգանալ:
«Timeturk» լրատվական կայքն էլ նշում է, որ Էրդողանին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Հեռախոսազրույցի ժամանակ երկու ղեկավարները քննարկել են Սիրիայում ընթացած վերջին զարգացումները: Վերջերս Սիրիայում կիրառված քիմիական հարձակման համար նրանք պատասխանատու են համարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Թրամփը Էրդողանին շնորհակալություն է հայտնել, որ Թուրքիան ԱՄՆ-ի օդուժին աջակցում է Սիրիայում իրականացվող օպերացիաների ժամանակ: Կողմերը նաև քննարկել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հարցը: Թուրքական աղբյուրի պնդմամբ` համաձայնություն է ձեռք բերվել, որ պետք է պայքար մղվի այն խմբավորումների դեմ, ովքեր դիմել են ահաբեկչական գործողությունների: