31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հիսուս թող մեզ համար էլ Հարություն առնի

«Եվ իսկույն գնացեք, ասացեք նրա աշակերտներին, թե հարություն առավ․․․» (Մատթ. 28:7:

Գերեզմանում գտնվող հրեշտակների այս ավետիսը, թե Նա Հարություն առավ, մեծ ուրախություն պատճառեց Յուղաբեր կանանց և նրանք ցնծությամբ վազեցին այդ բարի լուրը փոխանցելու Հիսուսի աշակերտներին։ «Եվ Մարիամ Մագթաղենացին, Հովհաննան, Հակոբի մայր Մարիամը և նրանց հետ ուրիշ կանայք էին, որ այս բաները պատմեցին առաքյալներին; Բայց նրանց խոսքերը բարբաջանք թվացին աշակերտներին և չէին հավատում նրանց։ Սակայն Պետրոսը վեր կացավ և վազեց դեպի գերեզման, նայեց ու տեսավ, որ կտավները միայն կային։ Եվ գնաց՝ մտքում զարմացած, թե ինչ էր եղել» (Ղուկ․ 24։10-12), պատմում է Ղուկաս Ավետարանիչը։

Քանի ապրում ենք այս աշխարհում, ամեն ինչն էլ մեզ համար է՝ ուրախությունն էլ, ցավն էլ, հիվանդությունն էլ, դժբախտությունն էլ և նույնիսկ մահը, անխուսափելի է անկախ սեռից, գույնից ու տարիքից: Բայց եթե հավատով ու սիրով ապրենք մեր այս կյանքը և փառք տանք Աստծուն ու բարի և արդար գործեր կատարենք, վստահ եղեք, որ թեկուզ և ֆիզիկապես մեռնենք, գերեզմանի փոսը մեզ համար վերջակետ չի լինելու, քանի որ Քրիստոս՝ Աստվածորդին Իր Հարությամբ պատռեց մահվան վարագույրը ու մեզ մի նոր կյանք պարգևեց:

Կ․ Պոլսի Պատրիարք Շնորհք Արք․ Գալստյանն ասում է․  «Կյանքի իրականությունը, բուսականից մինչև զգացականը, բանավորից մինչև հոգևորը հիմնված է հրաշք ասվածի վրա։ Հիսուսի Հարությունը և Հարությունից հետո Նրա կյանքն էլ մտնում են այլևս հրաշալիի ոլորտի մեջ։ Մեզ մնում է կամ հավատալ Հովհաննեսի պես, որ առանց Հարուցյալին տեսած լինելու, միայն տեսնելով կտավները, որոնք իր ժամանակին Հիսուսի մարմինն էին ծածկել և, որոնք սակայն տեսած ժամանակ զուրկ էին մարմնի ներկայությունից՝ հավատաց (Հովհ․ 20։8)։ Կամ մերժել ու չհավատալ զինվորների պես, որոնք թեև տեսան Հարության հրաշքը հաստատող նշանները և մի պահ վախենալուց ու մեռելի պես լինելուց հետո՝ անտարբեր մնացին։

Բայց ոչ մեկը իրավունք չունի Հարության հրաշքը մերժելուց հետո նրա տեղը մի սուտ դնելու, ինչպես քահանայապետները արեցին, ոչ էլ հնարած սուտը – մերժել հարության հրաշքը – կարող է բնական թվալ, բայց վերջին պարագաները – տեղը մի սուտ դնել և այն տարածելը – բացահայտորեն անբարոյական է» (Շնորհք Պատրիարք, «Տաղավար Տոներ»)։

Հիսուսի մահը և ապա Հարությունը մեզ համար կյանք է: Սակայն ինչպե՞ս կարող է մեկի մահը կյանք տալ մի ուրիշին: Քսանմեկերորդ դարի կեսերից բժշկությունը այնքան է զարգացել, որ հնարավոր է դարձել մարդու մարմնի մի մասը օգտագործել մի ուրիշին կյանք պարգևելու համար: Ամեն մարդու կյանքը թանկ է ու անկրկնելի և չեմ կարծում, թե որևէ մեկը իր նմանի համար իրեն զոհաբերի, որպեսզի նրան կարողանա կյանք տալ: Այդպիսի մարդուն կարելի է նույնիսկ հերոսի կոչում տալ: Երբ մենք կարողանանք մեռցնել մեր անձնասիրությունը, ատելությունն ու հպարտությունը և հաղթել մեր կրքերին, այն ժամանակ հաղթած կլինենք աշխարհին ու մասնակից կդառնանք Հիսուսի Հարության։

20-րդ դարի մեր հոգևորականներից՝ Գևորգ եպիսկոպոսն ասում »Քրիստոնյա աշխարհի համար զատիկը գարնան տոն չէ, ոչ էլ բնության, այլ հավատի տոն։ Այս այն օրն է, երբ մենք չենք կամենում միայն կանաչ տերեվների մասին լսել, այլ անցյալ մեծ եղելության՝ Քրիստոսի Հարության մասին։ ․․․Այն ժամանակվա ծերացած և գերեզմանի դուռը հասած աշխարհի մեջ հնչեց մարդու ականջին Քրիստոսի Հարության ավետիքը՝ «Մի վախեցեք, գիտեմ, որ փնտրում եք Հիսուսին, որ խաչվեց․ այստեղ չէ նա, քանի որ հարություն առավ» (Մատթ․ 28։6), որ Իր զորավոր ու կենսունակ ուժով վերանորոգեց աշխարհը, որն անկարող էին եղել կատարել մեծամեծ պատերազմները, աշխարհահռչակ թագավորներ և ազգերի մեծ գաղթականություններ։․․․»։

Մարդիկ և սերունդներ հավատացին ու պիտի հավատան, որ Հիսուսի գերեզմանի քարը գլորող անտեսանելի և անիմանալի ուժը միշտ պիտի տապալի բոլոր անարդար հույսերը ու երազանքների վրա ծանրացած գերեզմանաքարերը, ինչքան էլ անհնար թվա այդ գերեզմանող անիրավ ձեռքերին:

Գևորգ եպիսկոպոսը շարունակում է․ «Հիսուս թող մեզ համար էլ Հարություն առնի, ինչպես Իր աշակերտների համար։ Թող Նա Հարություն առնի մեր սիրելի ու թանկագին Ազգի ու Հայրենիքի համար։ Պետք է չոքել Փրկչի խաչի առաջ, ուխտել խաչ ելնել, որ մեր տանջանքը ուրիշների փրկության համար ծառայի։ Պետք է ուխտել և նույնը պահանջել միմյանցից, այն ժամանակ հարություն կառնի մեր հոգին և կապրի Փրկիչը մեր ու բոլորի սրտում՝ խաղաղություն և երջանկություն բերելով Իր հետ»։

Եկեք միասնաբար և ուրախությամբ բացականչենք՝
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց», «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Ամեն:

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ