Կարևոր է Աստծո ձայնը լսել մեր հոգու խորքում

Մովսէսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մինչեւ օրս ես պերճախօս չեմ եղել, ոչ իսկ երբ սկսեցիր խօսել քո ծառայի հետ, որովհետեւ անվարժ եմ խօսում, ծանրախօս եմ»: Տէրն ասաց Մովսէսին. «Ո՞վ է մարդուն բերան տուել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կոյրին: Մի՞թէ ոչ ես՝ Աստուածս: Արդ, գնա՛, ես կբացեմ քո բերանը, քեզ կսովորեցնեմ, որ ասես այն, ինչ պէտք է ասել»: (Ելք 4.10-12)
Ելից գրքի այս հատվածը ներկայացնում է Մովսեսի ընտրության պատմությունը, որին Աստված ուղարկում է հրեա ժողովրդին առաջնորդելու խոստացված երկիր: Մովսեսը կասկածում է, որ մարդիկ իր խոսքը կլսեն: Սակայն Աստված նրան տալիս է զորություն հրաշքներ գործելու և Աստծո կամքը կատարելու:
Մենք էլ կոչված ենք Աստծո կամքը կատարելու, որի համար կարևոր է Աստծո ձայնը լսել մեր հոգու խորքում և հնարավորություն տալ այդ Ձայնին դրսևորվելու մեր կյանքում և առօրյայի մեջ: Այդ Ձայնն ի վիճակի է մեզ նորոգելու, մեր կյանքի բացերը լրացնելու, մեզ առաջնորդելու ու մեր գոյությանը նոր իմաստ հաղորդելու: Տիրոջ ձայնը մեզ սովորեցնում է ոչ միայն Աստծո զորությանը հավատալ, այլ նաև՝ մեր ուժերին:
Մեր մեջ պիտի փորձենք տեսնել ոչ թե մեղավորին, այլ հենց մարդուն և տալ այդ մարդուն նոր հնարավորություն, ինչպես, օրինակ, Քրիստոս տվեց այդ հնարավորությունը յուրաքանչյուր զղջացող մեղավորի:
Աստծո ձայնը մեզ առաջնորդում է կատարելության: Պարզապես անհրաժեշտ է, որ մեր խղճի ձայնն ու Աստծո ձայնը նույն պատմությունը պատմեն: Իսկ այդ պատմության հերոսն ինչպես մեր Տերն է, այնպես էլ մենք ենք:
Տեր Եսայի Արթենյան