«Ցուցակներ հավաքում են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները»
««Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն տարածելով 114 տնօրենների ձայնագրությունները, թիրախավորել է միայն ՀՀԿ-ական տնօրեններին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ շեշտելով, որ, բնականաբար, կան նաև այլ կուսակցություններին հարող տնօրեններ, ովքեր ևս ցուցակագրումներ են արել:
«Կհորդորեի սպասել իրավական ատյանների արձագանքներին: Սակայն մենք ունենք նաեւ մեր հակաստարկները: Թիրախավորել է միայն ՀՀԿ-ական տնօրենները, այսինքն այստեղ օբյեկտիվության մասին այստեղ խոսք լինել չի կարող: Սա ՀՀԿ-ի դեմ ուղղված միտումնավոր հակաքարոզչություն է», – նշեց Աշոտյանը:
Վերջինս հիշեցրեց՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները ունեն նույն իրավունքները, ինչ մնացած քաղաքացիները՝ այդ թվում կուսակցական լինելու. «Եթե տնօրենները դա կատարել են ոչ աշխատանքային ժամերին, խախտման մասին խոսք լինել չի կարող: Ցուցակներ հավաքում են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները: Եթե ապացուցվի, որ նրանք դա արել են պաշտոնեական դիրքի չարաշահումով, ապա դա անթույլատրելի է: Իսկ եթե դա արել են աշխատանքային ժամերից հետո, այդ իրավունքը սահմանադրությամբ ունեն: Օրենքը խախտել են, թե ոչ, կպարզի ուսումնասիրությունը»,- շեշտեց Աշոտյանը: