Ցուցակագրումը չի նշանակում անձնագրեր հավաքել․ Հերմինե Նաղդալյան
ՀՀԿ կենտրոնական շտաբում հանգամանորեն ուսումնասիրել են նախօրեին հրապարակված ձայնագրությունները՝ կապված մի շարք դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների հետ եւ համապատասխան հայտարարություն են տարածել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ Բանախոսը նշեց, որ ցուցակագրումն ամենևին էլ բացասական երևույթ չէ, դա կազմակերպչական աշխատանքի մի մաս է:
«Որեւէ քաղաքական ուժ ու գործիչ, որը պետք է լուրջ մասնակցի ընտրություններին, բնականաբար, անհրաժեշտություն ունի որոշակի կազմակերպչական աշխատանք կատարել, ինչը մեկ բառով կարելի է անվանել ցուցակագրում: Ցուցակագրում ասելիս պատկերացնում ենք, որ կան նեգատիվ բաներ, վարչական ռեսուրսի չարաշահում, բայց ես ուզում եմ ասել, որ դա կազմակերպչական աշխատանք է, որը կատարում են բոլոր քաղաքական ուժերը, բոլոր անհատները, որոնք առաջադրված են, որովհետև այլ կերպ դու քո կազմակերպչական աշխատանքը կատարել չես կարող, եթե ուզում ես արդյունավետ աշխատել»,- ասաց Հերմինե Նաղդալյանը։
Բանախոսը նշեց, «ցուցակագրում» չի նշանակում անձնագրեր հավաքել.
«Որեւէ տնօրեն եթե ուզենա էլ արջի ծառայություն մատուցել, պարտադրել իր կոլեկտիվի անդամներին ասում ենք՝ դա չվերահսկվող գործընթաց է: Որեւէ մեկը չի կարող ստուգել եւ համոզվել, թե ինչպես ընտրեցիք: Ընտրությունը չի կարող նկարահանվել: Նախկին հնարավորությունները՝ վարչական ռեսուրս օգտագործել, մարդուն ստիպել քվեարկել այսպես կամ այնպես, որոշում պարտադրել, բոլոր նախկին հնարավորությունները՝ «կարուսելը», քվեաթերթիկը դուրս հանելը, նկարելը, ապացուցելը, վերացած են նոր Ընտրական օրենսգրքով: Սրա հնարավորությունը չունի ոչ մի քաղաքական ուժ»,- ասաց նա։