«Մի կին էլ սպառնում էր մարզպետի ականջները կտրել»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է՝ քարոզարշավի առաջին շաբաթների ընթացքում քաղաքական ուժերը համեմատաբար հանդուրժողական էին միմյանց նկատմամբ, բայց ընթացքում պատկերը փոխվեց:
«Արդեն հայտարարություններ են արվում, թե ինչ-որ մեկի «աչքերը կհանեն» , մի կին էլ սպառնում էր մարզպետի «ականջները կտրել», այս միտումը շարունակվելու է եւ առավել սրվելու է, բոլորին թվալու է, որ եթե ինչ-որ բան չանեն, ապա ինչ-որ բան կորցնելու են», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վիգեն Հակոբյանը:
Բանախոսը շեշտեց՝ ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան դաշինքն» են այն ուժերը, որոնք պայքարում են 1-2 տեղերի համար, ևս 4-5 պայքարում են անցողիկ շեմի համար:
«ՀՀԿ-ին հաջողեց նախընտրական մարտավարությունը, այն է՝ ցույց տալ, որ իրենք փոփոխվում են։ Դա արվում է մեկ մարդու միջոցով՝ Կարեն Կարապետյանի, ում մարդիկ չեն ասոցացնում ՀՀԿ-ի հետ։ Սոցհարցումները ցույց են տալիս որ ՀՀԿ-ի ռեյտինգը 22 տոկոս է, իսկ վարչապետինը՝ միջինում 80-ի մոտ»- նշեց բանախոսը: