«էս ո՞վ է, որ իմ դեմ է դուրս եկել». քարոզարշավի թոհուբոհը շարունակվում է
«Ես դեռ ի սկզբանե ասել էի՝ այս ընտրարշավը լինելու է կոշտ, բիրտ ուժերի կիրառմամբ: Դա կապված է նաև այսօրվա ընտրական համակարգի հետ: Այդ համակարգը խրախուսում է ոչ միայն տարբեր կուսակցությունների, այլև նույն կուսակցությունների անդամների միջև պայքարը: Դա ավելացնում է լարվածությունը: Ամեն մեկը տեսնում է ոչ այնքան քաղաքական պայքար, որքան, այսպես ասած, գործում է թասիբը՝ էս ո՞վ է, որ իմ դեմ է դուրս եկել: Նրանք, ովքեր տհաճ միջադեպեր են հրահրում նախընտրական քարոզարշավի ընթացքում, այսպես են մտածում», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Վերջինս շեշտեց՝ կան մարդիկ, ովքեր զգացմունքային դաշտում գործում են ու առանց խորը մտածելու, առանց գիտակցելու՝ գաղափարի համար դանակ են գործի դնում, ինչը, բնականաբար, ընդունելի չէ:
«Ափսոսում եմ, որ այսպիսի վիճակ է ստեղծվել: Այսպիսի ընտրական համակարգը նախատեսված է ժողովրդավարական մշակույթ ունեցող հասարակությունների համար: Մենք, առայժմ, կարող ենք ասել, որ հավակնում են դառնալ այդպիսին, բայց ոչ ավելին: Ես միանգամ էլ եմ նշել՝ այս ԸՕ-ն թացքնված վտանգ էր, որ ներառված էր սահմանադրական փոփոխությունների մեջ: Հարկավոր էր նախապես քննարկել այս ԸՕ-ն, մանրամասնորեն հասկանալ, պատկերացնելու համար՝ այսպիսի ԸՕ-ն մեր երկրում կաշխատի՞, մեզ մոտ առաջընթաց կբերի: Իսկ Ինչի՞ համար է փոփոխությունը. դա իրականում պիտի լինի այն բանի համար, որ դրական արդյունք բերի իր հետ», – նշեց Լարիսա Ալավերդյանը: