Առանց Արփինե Հովհաննիսյանի
Ազատության հրապարակում մեկնարկել է երթը՝ ի հիշատակ «Հաց բերողի»: Երթից առաջ ելույթ է ունեցել ակտիվիստ Շահեն Հարությունյանը, որը նշել է, թե «Հաց բերողին» «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու պայքարի համար ցավոք համապատասխան կամք չդրսևորվեց։
Դրանից հետո մեկնարկել է երթը Երեւանի փողոցներով: Երթի մասնակիցների պահանջները երեքն են. պաշտոնից հեռացնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, քրեական գործ հարուցել Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու միջնորդություն ներկայացրած քննիչի եւ այդ որոշումը կայացրած դատավորի նկատմամբ։
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրաժարականի պահանջը հանվել է ցուցարարների պահանջներից, քանի որ նշվել է, որ անձի կալանավորման հարցում Արդարադատության նախարարությունը դերակատարում չունի։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։
Նշենք, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը 18-ին Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում (Լուկաշին 152), իսկ հուղարկավորությունը՝ մարտի 22-ին, ժամը 14-ին, նույն սրահից։