Ինչու Կրեմլում հանկարծ հիշեցին հայ-թուրքական սահմանի մասին. Իրավունք
Դեռ մինչ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին մոսկովյան այցն աստիճանաբար նկատելի էր դառնում, որ կարող է օրակարգ վերադառնալ հայ-թուրքական սահմանի բացման հարցը։ Նաեւ հաշվի առնելով, որ դա Թուրքիայի համար ոչ միայն Հայաստանի, այլ, ԵՏՄ-ի սահմանն է, եւ Ադրբեջանի պատճառով դրա փակ մնալը լուրջ խնդիրներ է առաջացնում Անկարայի համար։
Հայ-թուրքական սահմանի հարցը, սակայն ՀՀ նախագահի այցի ընթացքում, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում, ըստ էության, չշոշափվեց։ Սակայն, որ այն առնվազն պետք է որ քննարկված լինի, ենթադրելի է։ Հատկապես ելնելով այն բանից, որ այցից մեկ օր անց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով, հիշենք, ներկա էր Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը, բայց հայ-թուրքական սահմանից գրեթե չի խոսում, այս անգամ «անսպասելիորեն» ռուսական աջակցությունը խոստացավ հայ-թուրքական սահմանի բացման հարցով։ Ցյուրիխյան արձանագրությունների նախաձեռնողն ու շարժիչ ուժը ԱՍՆ այն ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էր։ Լավրովն այդ գործընթացում մասնակցի դերում էր, եւ նույնիսկ կարելի էր կռահել, որ, մեղմ ասած, ոչ ոգեւորված մասնակցի։
Բայց այս անգամ՝ պատրաստակամություն է հայտնում աջակցել, այսինքն, այս հարցի հետ կապված ժամանակին Քլինթոնի շպրտած «առաջին ջութակը» իր ձեռքն է վերցնում։ Ավելին, Լավրովի մոտ լուրջ լավատեսություն է նկատվում. «Սկզբունքորեն կարեւոր է, որ կողմերը պայմանավորվելու եւ լուրջ, պատասխանատու որոշումներ կայացնելու ունակություն են դրսեւորել։ Վստահ եմ, որ Հայաստանը եւ Թուրքիան ունակ են կարգավորել ունեցած խնդիրները։ Ընդ որում, շատ բան կախվւսծ է հենց նրանցից… Երբ Երեւանը եւ Անկարան նստեն բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց տրամադրել ամենաակտիվ աջակցությունը»։
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: