Սահմանը հատելը հեշտացվում է. վերջ քաշքշուկներին
Այսօր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդում կայացավ ՀՀ սահմանային անվտանգության ապահովման հետ կապված միջգերատեսչական նիստը, որը վարում էր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
՛՛Այս նիստը շատ կարևոր է, քանզի սահմանային ապահովության խնդիրները դրական զարգացումներ են ապրել: Այս տարվա հուլիսից արդեն կմեկնարկի 60 մլն եվրո արժողությամբ ծրագրի աշխատանքները, որը գալու է արդիականացնելու պետական սահմանները՛՛,-ասաց Բաղդասարյանը: Ծրագրի շրջանակներում արդյունավետ համագործակցություն է սպասվում Եվրոպական միության և ՄԱԿ-ի հետ: Ծրագրի հաջորդ փուլը, որ մտադիր են անցկացնել մեր երկրում ՛՛Մեկ կանգառ, մեկ պատուհան՛՛ սկզբունքը ներդրումն է: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոին այս ծրագիրը գերազանց համագործակցություն է համարում:
՛՛Այս տեսակի համագործակցությունը նոր է, որին մասնակցում են ՄԱԿ-ը, Եվրամիությունը և ՀՀ կառավարությունը: Այս նոր մոդելը գերազանց մոդել է և լավ հիմք կդառնա տարածաշրջանային զարգացման համար՛՛,-շեշտեց ՄԱԿ-ի մշտական համակարգողը, ով հավելեց, որ միշտ պատրաստ են աջակցել Հայաստանին սահմանների արդիականացման հարցում:
Նշենք, որ ՀՀ սահմանային անվտանգության ապահովման և պետական սահմանի կառավարման ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացումը ՛՛Բագրատաշեն՛՛, ՛՛Բավրա՛՛ և ՛՛Գոգավան՛՛ սահմանակետերում կիրականացվեն արդիականացման աշխատանքներ:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Բաղդասարյանն ասաց, որ այս ծրագրի ընթացքում կառուցվելու են միջազգային չափանիշներին ահամպատասխան նոր շինություններ, շենքեր:
՛՛Բոլոր գործընթացները, որ կան կդյուրինացվեն, մարդկանց շարժը կհեշտացվի, Հայաստան-Վրաստան մեկ կանգառ է լինելու: Այսօր պետական սահմանի վրա աշխատում է վեց պետական մարմին, այդ ծրագրի ներդմամբ քաղաքացին այլևս առնչություն է ունենալու մեկ կամ երկու պետական մարմնի հետ: Բյուրոկրատական քաշքշուկները չեն լինի, սա նշանակում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցում՛՛,-նկատեց Բաղդասարյանը:
Նկատենք, որ այս ծրագրի ներդրմամբ քաղաքացին սահմանը կարող է հատել 15 րոպեում, իսկ բեռանատար մեքենան պիտի 25 րոպեում հատի սահմանը:
Շինարարական աշխատանքները կսկսվեն այս ամիս և կավարտվեն երկու-երեք տարվա ընթացքում: