Ափսոսում եմ ոչ միայն Ռազմիկին … Հիմնադիր նախագահից` Սեյրան Օհանյան
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի Արագածոտնի տարածքային ցուցակով պատգամավորի թեկնածու Մյասնիկ Մալխասյանի խոսքով՝ հասարակությունը պիտի, ի վերջո, գիտակցի, որ չի կարելի ընտրակաշառքով կամ զուտ տրված խոստումներով առաջնորդվելով` ընտրություն կատարել, բա ո՞ւր մնաց գաղափարը, հարցնում է նա:
Henaran.am-ի հարցին, թե ինչպես են այս գաղափարը հասցնելու ժողովրդին, Մալխասյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ժամանակ պիտի անցնի, մենք ուզում ենք, որ շուտ դա ընկալեն, բայց ինչքան ուշացնեն, այնքան մեր վնասն է»:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց դաշինքի հնարավորություններին, ապա Մ. Մալխասյանն ընդգծեց. «Շանսերը, ես չէ, ժողովուրդն է գնահատողը, ապրիլի 2-ին պարզ կլինի, թե ինչպես է գնահատել»:
Հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է վերաբերում մարտի 1-ի գործով դատապարտված նախկին պատգամավորը նրան, որ իրենց նախկին գաղափարակից ու զինակից ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը միացել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին. «Մեզ մոտ խոսքի ազատութուն է, մարդիկ իրենք են ընտրում իրենց ճանապարհն, ուղին, ափսոսանքով եմ, սակայն վերաբերում, բայց փաստը մնում է փաստ»:
Այդուհանդերձ, ինչու Ռազմիկ Պետրոսյանը ՀԱԿ-ի հետ չշարունակեց, Մյասնիկ Մալխասյանը հորդորեց հարցը ուղղել հենց Ռազմիկ Պետրոսյանին. «Քանի որ ես այդ հարցի պատասխանը չունեմ, բայց ափսոսում եմ ոչ միայն Ռազմիկին, այլև էլի ընկերներ ունենք, ում հետ մեծ ճանապարհ ենք անցել՝ փորձություններով լի, հիմնադիր նախագահի հետ, բայց այսօր մեզ հետ չեն նրանք»: