Ովքեր չեն համապատասխանել ՊԵԿ-ի ստանդարտներին…
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը պաշտոնավարման սկզբում հայտարարել էր, որ օպտիմալացումը սկսելու են հենց իրենցից: Վերջերս էլ վարչապետ Կարեն Կարապետյանն էր հայտնել, որ վերջին 4 ամսվա ընթացքում ՊԵԿ համակարգի օպտիմալացման արդյունքում այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել 258 աշխատակից:
Henaran.am-ը ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց, թե արդյոք աշխատանքից ազատվածները չէին համապատասխանում ՊԵԿ-ի ստանդարտներին:
«Բնականաբար, աշխատողների մի էական մասն աշխատանքից ազատվել է մրցույթների արդյունքում, այսինքն՝ մենք թափուր պաշտոններ ունեինք պայմանագրային աշխատողների, որ իրենք չհամապատասխանեցին հենց իրենց զբաղեցրած պաշտոնին, այսինքն՝ հանձնաժողովի եզրակացությամբ: Ամբողջ այդ մրցութային ընթացակարգն էլեկտրոնային եղանակով է անցկացվում, և այնտեղ սուբյեկտիվ դրսևորումները բացակայում են»,-ասաց Վ. Միրումյանը:
Նրա խոսքով՝ ախատակիցների մի մասն էլ չէին բավարարում նոր սահմանված պահանջներին ու դրա արդյունքում դուրս մնացին:
«Կարևոր է նաև նշել, որ գնում ենք գործառույթների էլեկտրոնացման, և առաջիկայում ականատես կլինեք, թե ինչպես ենք նախատեսում դեմ առ դեմ շփումները տեղափոխել էլեկտրոնային հարթակ, և ունենում ենք նաև օպտիմալացման դրսևորում այստեղ ևս»,-նկատեց նա:
Հարցին, թե նման կերպ քաղաքացիները կխուսափեն արհեստական քաշքշուկներից և տեսուչների հետ շփումներից, ՊԵԿ նախագահի տեղակալն արձագանքեց. «Փաստաթղթաշրջանառության մասով ավարտին է գրեթե հասել էլեկտրոնայնացումը, և այսօր ունենք 92 տոկոսը դրա, մնացածը էլեկնտրոնային չեն, որովհետև մի քանի գերատեսչություն է ներկայացնում հավետվությունները»:
Վ. Միրումյանը տեղեկացրեց, որ հսկողական գործիքակազմի էլեկտրոնայնացմանն են առաջիկայում անցում կատարելու: