Պարգեւատրվել են
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 3-ին այցելել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ Դիվանագետի օրվա առթիվ տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն:
Արարողությանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, փոխնախարարներ, դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ Ազգային ժողովի նախագահը նշել է. «Այս տարի Դիվանագետի օրը նշվում է հոբելյանական տարեթվի ներքո. 25 տարի առաջ՝ 1992 թվականի մարտի 2-ին, մեր դրոշը բարձրացվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջեւ, եւ Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ: Դրանով հայոց նորանկախ պետության ծննդյան վկայականը ստացավ միջազգային վավերացում: Հենց այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվեց որպես Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օր»:
Կարեւորելով դիվանագետի աշխատանքը՝ պարոն Սահակյանը նշել է, որ այն ոչ միայն ծառայություն է, այլեւ առաքելություն, որը հայ դիվանագետներն իրականացնում են պատվով եւ արժանապատվությամբ՝ ներկայացնելով աշխարհին իրենց պետությունը:
Անդրադառնալով հայկական դիվանագիտության պատմությանը՝ Գալուստ Սահակյանը փաստել է, որ այն կերտել են բազմաթիվ փայլուն հայ դիվանագետներ, որոնք, ներկայացնելով տարբեր պետություններ, հաճախ եղել են պատմական նշանակություն ունեցող իրադարձությունների կիզակետում՝ դրանց բարեհաջող ելքը պայմանավորելով իրենց արհեստավարժ գործողություններով:
ԱԺ նախագահի խոսքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության արդյունավետ աշխատանքով եւ հայ դիվանագետների տքնաջան աշխատանքով է պայմանավորված մեր երկրի՝ որպես ժողովրդավարության եւ կայուն զարգացման ճանապարհով ընթացող պետության դրական վարկանիշն աշխարհում:
Գալուստ Սահակյանը կարեւորել է դիվանագետների դերը արտաքին քաղաքական խնդիրները լուծելու, ավելի մրցունակ ու մարտունակ երկիր ունենալու գործում:
ԱԺ նախագահի խոսքով՝ իշխանության բոլոր մարմինները համապետական նշանակություն ունեցող հարցերում, հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում պետք է գործեն համակարգված՝ առաջնորդվելով մեր պետության ազգային շահով:
Անդրադառնալով Ազգային ժողովի գործունեությանը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ օրենսդրական գործունեությանը զուգահեռ՝ խորհրդարանը շարունակաբար նպաստում է տարբեր ոլորտներում երկրի միջազգային համագործակցության խթանմանը՝ համապատասխան ձեւաչափով մասնակցելով արտաքին հարաբերություններին առնչվող գործընթացներին եւ ընդլայնելով միջխորհրդարանական կապերը: Ազգային ժողովը տարբեր կառույցներում եւ խորհրդարաններում միջազգային հնչեղություն է տալիս ՀՀ արտաքին քաղաքական կարեւորագույն խնդիրներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
ԱԺ նախագահն այս համատեքստում կարեւորել է խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի միասնական եւ գործուն աշխատանքը եւ Ազգային ժողով- ԱԳՆ համագործակցությունը: Գալուստ Սահակյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների զարգացման եւ ժողովուրդների միջեւ երկխոսության հաստատման գործում:
Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաեւ արտերկրում՝ մեր դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող բոլոր դիվանագետներին այն մեծ աշխատանքի համար, որը կատարվում է հանուն մեր ժողովրդի եւ երկրի շահերի պաշտպանության:
Դիվանագետի օրվա առթիվ միջխորհրդարանական կառույցներում ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական պատվիրակությունների հետ սերտ համագործակցության, համատեղ նախաձեռնությունների եւ ցուցաբերած դիվանագիտական աջակցության համար Ազգային ժողովի նախագահը ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանին, ՀՀ արտաքին գործերի փոխնախարարներ Շավարշ Քոչարյանին, Կարեն Նազարյանին եւ Արմեն Պապիկյանին:
ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով են պարգեւատրվել ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Շահեն Ավագյանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով են պարգեւատրվել ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Արմեն Ղեւոնդյանը, Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանը: