«Եթե ձեզ թվում է, որ ընտրությունը հաշտ ու համերաշխ կյանք է, սխալվում եք»
«Ընտրական օրենսգիրքը, այդ թվում համամասնական ընտրացուցակներով քվեարկության համակարգը ընդունվել է Ազգային ժողովի կողմից, այդ թվում ՀՀԿ խմբակցության կողմից կողմ քվեարկելով: Նորմալ է, որ կլինեն դեմ կարծիքներ, դա նշանակում է, որ կա բազմակարծություն»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ հենց ՀՀԿ-ականներն են բողոքում տարածքային ցուցակներով ընտրելու համակարգից, այսպես արձագանքեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Կարեն Կարապետյանը երեկ հայտարարեց՝ դեմ է վարկանիշային ցուցակներով քվեարկության համակարգին, ինչը ժողովրդին իրար դեմ է հանում:
«Ընտրությունները նրա համար չեն, որ ժողովրդին իրար դեմ հանեն, պայքարում են թեկնածուները նրանց ձայների համար»,-այս մասին ասաց նախարարը: Ինչ վերաբերում է պատգամավորների թեկնածուների շտաբների ներկայացուցիչների միջև եղած միջադեպերին, ծեկռտուքներին, ապա Դ. Հարությունյանն ընդգծեց. «Ընդհանրապես թեկնածուների միջև պայքարը միշտ կարող է առաջացնել որոշակի սրացում, և ընտրությունը հենց դա է: Եթե ձեզ թվում է, որ ընտրությունը հաշտ ու համերաշխ կյանք է, սխալվում եք: Ընտրության ժամանակ յուրաքանչյուրը պայքարում է ձայներ ստանալու համար:
Հարցին, թե հնարավոր է, որ ապագայում վերանայվի այս ընտրակարգը, նա պատասխանեց. «Ոչինչ աշխարհում չի կարելի բացառել, բայց այս պահին դրա համար որևէ հիմք չեմ տեսնում»:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ականների մոտ, կարծես, միտում կա, որ վարկանիշային ցուցակներով առաջադրվածները փորձում են ամեն ինչ անել, միայն թե կուսակցության համար ձայն բերեն, նախարարն արձագանքեց. «Ամենևին խնդիր չի դրված, որ «Հանրապետականի» թեկնածուները միմյանց դեմ կիրառեն ոչ ընդունելի մեթոդներ: Դա գալիս է, միգուցե, որոշակի բացասական երևույթներից, բայց դա չի կարող դառնալ նորմ»:
Ընտրական համակարգի վերաբերյալ մտահոգություններ ունեցողներին Դ. Հարությունյանը հորդորեց կարդալ Վենետիկի հանձնաժողովի հաշվետվությունը: