28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Որոնք են քրիստոնեական եւ բուդդայական պահքի տարբերությունները

Մեծ տարբերություն կա մեր և այլ կրոնների պահեցողության միջև: Օրինակ՝ բուդդայական պահքն իրականում ոչ թե պահեցողություն է, այլ բուսակերություն: Բուդդայականության հետևորդներին միս ուտելն արգելված է, քանի որ ըստ բուդդայական ուսուցման՝ մարդիկ մեռնելուց հետո վերամարմնավորվում են այլ մարդկանց կամ կենդանիների մարմին ներում, որի համար էլ միս ուտողն անզգուշաբար կարող է ուտել վերամարմնավորված իր նախնիներից մեկին: Սակայն բուդդայականությունն ուսուցանում է նաև, որ մահվանից հետո մարդը վերամարմնավորվում է նաև բույսերի մեջ, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ իր նախնիներից որևէ մեկը կանաչի չի դարձել: Եվ բնական է, որ այդ կրոնր չի զարգացնում այս տեսակետը, որովհետև այդ դեպքում բուդդայականներն արդեն ստիպված սովամահ պիտի լինեին:

Աստվածաշունչը, ընդհակառակը, արգելք չի դնում մսակերության համար՝ նշելով, որ միս ուտելը կարգել է Աստված (Ծննդ. 9.3): Թեև հիշա­տակություն չկա, թե Քրիստոս ինչ կերավ Կանայի հարսանիքի ժամա­նակ, սակայն միանգամայն հասկանալի է, որ օգտվել է հյուրասիրությունից, իսկ հարսանիքների ժամանակ հիմնականում մսեղեն կերակուրներ են լինում: Քրիստոս Ինքը պատվիրեց Վերջին Ընթրիքը պատրաստել․ հրեական զատիկը՝ եգիպտական գերությունից ազատվելու հիշատակը տոնելու օրն էր, որի հատուկ կերակուրը, աստվածային պատվերի համաձայն, գառան կամ ուլի միսն էր (Ելք 12.3-5): Նաև Քրիստոս Ինքն էր Իր մասին ասում, որ ուտում է և խմում, որի համար էլ իր մասին ասում են՝ ահա ուտող և խմող մարդ (Մատթ. 11.19):

Պողոս առաքյալը ոչ միայն անընդունելի չի համարում միս ուտելը, այլ նույնիսկ թույլատրելի է համարում անգամ կուռքերին զոհաբերված միսը ճաշակելը՝ որպես պարզ ուտելիք, բայց պատվիրում է հրաժարվել դրանից, եթե նորադարձ քրիս­տոնյային գայթակղեցնելու վտանգ կա (Ա Կորնթ. 8.8-13): Քրիստոս ևս ասում է. «Լսեցեք և իմացեք, ոչ թե՝ ինչ որ բերանով է մտնում, այն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից՝ այն է պղծում մարդուն» (Մատթ. 15.10-11), այսինքն՝ չար, վատ խոսքերը:

Մեր այսօրվա իրականության մեջ քրիստոնեական երկրներ են ներթափանցում արևելյան կրոններին հատուկ գաղափարներ, և նույնիսկ հե­ռուստատեսությամբ հայտարարություններ են լինում, թե բուդդայական կենցաղավարությունը, մեդիտացիան շատ օգտակար է, և այն կարող են կիրառել նաև քրիստոնյաները: Պողոս առաքյալն ասում է.

«Եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին, քան այն, որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովյալ լինի» (Գաղ. 1.8): Հետևաբար, ըստ առաքյալի քարոզի, նզովյալ են բոլոր նրանք, ովքեր քրիստոնյաներին այլ հավատալիք կամ կրոն են ուսուցանում: Նաև առաքյալն ասում է, որ Աստված նախասահմանությամբ ընտրեց մեզ (Հռ. 8.28-30, Եփես. 1.1» II Թեսաղ. 5.9, Բ Տիմ. 1.9): Եվ մենք գոհություն պետք է հայտնենք Աստծուն, որ Իր նախախնամությամբ ծնվել ենք քրիստոնյա երկրում և պետք է արժեւորենք մեզ տրված այդ պարգևը՝ իրապես հետևելով ուսուցումներին ճշմարիտ կրոնի, որն է քրիստոնեությունը:

Ադամ քահանա Մակարյան

Հատված Քրիստոնեության իսկությունը աշխատությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ