27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Միջազգային գնահատականներ սպասելու պահը

Արցախի նորացված սահմանադրությանը հատկացված հանրաքվեի գրեթե անթերի անցնելը եւ մանավանդ միջազգային դիտորդների այդ ուղղությամբ տված գնահատականը բնական է, որ պիտի անհանգստացնեին Բաքվի պետական շրջանակներին: Այդ օրերին անհրաժեշտ էր հակակշիռ քայլ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու եւ միջազգային քաղաքական իրավաչափություններին ընդառաջ տնօրինում կատարելու: Ադրբեջանի փոխնախագահությունը կնոջով օժտելու մոտեցումը կարող էր նկատվել այդ իրավաչափություններին համահունչ որոշում, եթե…

Միջազգային կարծիք շեղելու Բաքվի մարտավարությունը տվեց հակառակ ազդեցության արդյունք: Ալիեւի կնոջ փոխնախագահի պաշտոնի տիրացումը փաստորեն տրամագծորեն հակառակ ուղղությամբ հակաօրինաչափ էր: Ընտանեկան իշխանության ամրագրման նոր քայլ էր, որը կատարում էր Բաքվի ղեկավարը: Որոշումը մեկնաբանվեց նաեւ ընտանեկան իշխանության ապահովագրումով: Բնականաբար, տարբեր պատճառներով նախագահի գործունեության ֆորս մաժորային պատճառներով առկախմանը պիտի հետեւեր փոխնախագահի նախագահական լիազորությունների ստանձնումը: Ալիեւից տիկին Ալիեւ իրավասությունների փոխանցման երաշխավորումն էր որոշմանը տուն տվող հիմնական շարժառիթը:

Միջազգային լրատվամիջոցների կողմից լրատվությանը հետեւեց քննադատական մեկնաբանություն: Նույնիսկ ավագ եղբոր հետ կապված լրատվամիջոցները չթաքցրեցին իրենց հեգնանքը կատարվածի նկատմամբ: Քարոզչաքաղաքական գործողությունը` Արցախի սահմանադրության հանրաքվեից միջազգային ընտանիքի ուշադրությունը շեղելու՝ վիժել էր համակողմանիորեն:

Ռազմական հողի վրա հայկական համապատասխան գերատեսչությունների հաղորդագրությունները խոսում էին Ադրբեջանի կողմից կազմակերպված ներթափանցման գործողության ամբողջական ձախողման մասին: Հայկական կողմի տեսադիտարկման սարքերի նկատած շարժումները արագորեն չեզոքացվել էին` փրկելով հայկական կողմը զոհեր տալու վտանգից: Պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութերում պարզորոշ երևում է ականազերծող համակարգի արձակումը՜ հայկական կողմի պատասխան կրակը եւ ադրբեջանական ստորաբաժանումների փախուստը` հայկական կողմի կրակի տակ: Տեսանյութերը վերաբերում էին Ակնայի (Աղդամի) ուղղությամբ իրականացված գործողություններին:

Վերջավորությանը պարզ երևում էին Մարտունու հատվածում հակառակորդի թողած դիակները:

Ադրբեջանական զինյալ ուժերը ո՛չ միայն փորձ չկատարեցին իրենց սպաների եւ զինվորների դիերը վերադարձնելու, այլեւ ադրբեջանական դիակներ ներառած չեզոք գոտին շարունակեցին կրակի տակ պահել: Փաստորեն, ռազմագերու գոյությունը ուրանալով, թե սպանված զինվորների դիակների ուղղությամբ կրակելով Բաքուն ներկայացնում էր ադրբեջանական յուրահատուկ դրսեւորումները` սեփական զինվոր հասկացողության նկատմամբ:

Բնականաբար ներթափանցման իր գործողությունների մասին Բաքուն հրապարակում էր ապալրատվություն` ասելու համար, որ Թալիշի ուղղությամբ հայկական զինյալ ուժերը իրականացրել են հարձակումներ, որոնք զսպվել են ադրբեջանական կողմից:

Միջազգային կառույցները, որոնք այս օրերին դարձյալ հետեւում էին Սումգայիթի եղեռնագործությանը թե Խոջալուի ինքնակոտորածի դեպքերին ադրբեջանական նենգափոխումներին, առարկայական գնահատական չեն տալիս։ Առարկայական գնահատական ակնկալելը քաղաքականորեն իրատեսական պիտի չլիներ:

Երբ միջազգային ընտանիքը կամ այն բաղկացնող որեւէ գերտերություն խնդիր ունենա Բաքվի հետ, այն ժամանակ ականատես կլինենք միջազգային կառույցների կողմից Սումգայիթի ճիշտ գնահատականին, Թալիշում գործադրված ռազմական հանցագործություններին հետաքննությունը պահանջող որոշումներին եւ ընդհանրապես ադրբեջանական հարձակողապաշտության վերջ տալու հայտարարություններին: Հայկական կողմը մինչ այդ պիտի զսպի Բաքվի  ռազմական ոտնձգություններն ու համապատասխան իրավական փաստահավաքը շարունակի Ադրբեջանի հարձակողապաշտությանը:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ