Ինձ նեղացնել ուղղակի հնարավոր չի, քանի որ ես պատերազմ տեսած մարդ եմ. փոխմարզպետը անկեղծացավ
«Ինձ նեղացնել ուղղակի հնարավոր չի, քանի որ ես պատերազմ տեսած մարդ եմ: Ինչ է նշանակում՝ մտել են իմ տարածք: Մարդիկ պետք է հասկանան, որ Կոտայքի մարզը մի ընտրատարածք է: Եւ յուրաքանչյուր ռեյտինգային թեկնածու՝ բոլորը իրավունք ունեն ցանկացած տեղում իրենց խոսքը ասել:Ես բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոտայքի փոխմարզպետ , ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:
Նշենք, որ այսօր մամուլում շրջանառվեց տեղեկատվություն, թե նախկի նախարար Արամ Հարությունյանը և մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը ՝ Համլետ Հայրապետյանի տարածքում ձայն են փախցնում: Այսինքն` տարածքները պայմանականորեն բաժանելուց հետո երկու զոռբաները նեղում են փոխմարզպետին: Հրապարակման համաձայն ՝ երեկ Հայրապետյանը դիմել է ՀՀԿ գրասենյակ` իր կուսակից Բուլկի Արամին եւ «Կոնտրաբանդայի» Սանամյանին կարգի հրավիրելու հույսով:
«Բոլորն էլ իմ ժողովուրդն են, իսկ իմ ժողովրդի համար ես միշտ պատրաստ եմ եղել կյանքս տալ ու արյուն եմ տվել, պայքարել եմ ու չեմ կարող որևէ հայի մեջ թշնամի տեսնել: Այս պահին մի թշնամի ունենք: Սահմանին լարված իրավիճակներ է ստեղծում թշնամին: Ստահոդ լուրեր տարածելուց առաջ պետք է հիշել, որ միասնականությունը այսօր ամենակարևոր նախապայմանն է: Ընտրական պայքարից բացի մտածենք երկրի պաշտպանության մասին»,-ընդգծեց փոխմարզպետը, որը հավելեց, որ ինքը ՀՀԿ գրասենյակին չի դիմել ու բոլոր լուրերը ստահոդ են:
«Բամբասանքներ են,որովհետև որևէ մեկը եթե անգամ փորձի ինձ նեղել ես գրասենյակին չեմ դիմի:Բայց հակադիր հարց էլ կա՝ ինչո՞ւ պետք է ինձ նեղեն:Ես իմ պատանեկությունն ու երիտասարդությունն եմ տվել Արցախի պատերազմում ու ժողովուրդը պետք է գնահատի: Մարդիկ պետք է իմանան, որ ես իրենց ցավերով եմ ապրում: Ես օրվա մեջ չորս անգամ մարդուն բարի օր եմ մաղթում: Առավոտից սկսած…»,-նկատեց Համլետ Հայրապետյանը: