Բացառիկ հայկական քրիստոնեություն. նա 10 լեզու գիտեր
Վարդգես Սուրենյանց (փետրվարի 15 (27), 1860, Ախալցխա – ապրիլի 6, 1921, Յալթա), ականավոր հայազգի նկարիչ, հայ ազգային պատմանկարչության հիմնադիր։
Կենսագրություն
Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում, հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթություն ստացել է Լազարյան ճեմարանում, այնուհետ շարունակել ուսումը Մոսկվայի մեծ հեղինակություն ունեցող գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում։ Իբրև նկարիչ ձևավորվել է Մյունխենի կայսերական ակադեմիայում։
Տիրապետելով տասը լեզուների՝ Սուրենյանցը ուսումնասիրել է տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը։ Ժամանակակիցների վկայությամբ նա պարսկերեն Հաֆեզ ու Խայամ էր արտասանում, անգլերենից Վիլյամ Շեքսպիր ու Օսկար Ուայլդ թարգմանում, իտալերեներով զեկուցումներ կարդում, գրում գերմաներեն գրքերի առաջաբաններ, հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում թուրքական ջարդերից փախած գաղթականների հետ, ռուսերենով կատակում իր բարեկամ Իլյա Ռեպինի հետ։ Մյունխենից վերադառնալուց հետո Սուրենյանցը մասնակցել է դեպի Պարսկաստան կազմակերպված գիտարշավին։
Սուրենյանցը ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ և հոգու ամեն մի թելով կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը։ «Աշխարհիս ամեն կողմը ցրված են զորեղ նկարիչներ, որոնցից ամեն մեկն իր գտնված երկրում անուն է հանել և հռչակվել հայրենիքից դուրս, զորօրինակ Շահին, որ գտվում է Փարիզում, Մախոխյան՝ Բեռլինում և շատ ուրիշներ։ Եվ ամեն անգամ, երբ իրար պատահում էինք միշտ լուրջ կերպով ցավակցում էինք, որ այդ կերպ անջատված ենք իրարուց և չենք կազմում մի ամփոփ ընկերություն. այդ գանգատը ես անձամբ հանգուցյալ Հովհաննես աղա Այվազովսկուց ևս լսել եմ»։ Մյունխենում ուսումնասիրել է գծանկարչություն և գրաֆիկա, տպագրել է ծաղրանկարներ «Թռչող թերթիկներ» երգիծական թերթում։
«Պղծված սրբությունը» թերևս Սուրենյանցի ամենահայտնի գործերից է: Այն ներկայացնում է թալանված հայկական վանքը: Ամեն ինչ այդ նկարում գոչում է մշակութային այն բարձրակետի մասին, որը կրում է նկարչի ժողովուրդը: Այդ նկարում միանգամից կարող ես տեսնել հայ ճարտարապետության, քանդակագործության, կերպարվեստի գրականության արժեքը: Մարդը մեռնում է, նրա մարմինը ստվերի տակ է, իսկ նրա հոգու ստեղծածը շարունակում է լուսարձակել: Այդպես են ասում Սուրենյանցի գործերը:
«Զապել Թագուհին» հայ իշխանության վերադարձի մասին է: «Արա Գեղեցիկ և Շամիրամ» նկարում Սուրենյանցը միայն իրեն հատուկ վարպետությամբ ընդգծել է գեղեցիկը: Բավական է ընդամենը մեկ հայացք գցել նկարի վրա և միանգամից տեսնում ես երկու պատկեր. պայծառ Արան և մութ Շամիրամը, իր բարոյականությանը չդավաճանած մարդու գտած խաղաղությունը և իր ստոր կրքին հագուրդ չտված թովչուհուն:
Հուսահատ և արդարություն տնեչող աչքեր, բռունցք արած ձեռքեր, արժանապատվությամբ գլուխը վեր պահած հոգևորական. այդպիսին էր այն մարդը, ով իր ժողովրդի թղթի շերեփները պետք է փոխարիներ պայքարի զենքերով: Այդպիսին էր Մկրտիչ Խրիմյանը Վարդգես Սուրենյանցի և մնացած հայության աչքերով:
Վարդգես Սուրենյանցի ստեղծագործություններում առանձին տեղ էին զբաղեցնում քրիստոնենական թեմաները: Քրիստոնեական կերպարները և միջավայրը նրա մոտ բացառիկ հայկական էին: Դա անհրաժեշտ էր. չթողնել, որ ամեն ինչ կորցրած ժողովուրդը, կորցնի նաև հավատը…
Դժվար է կերպարվեստում գտնել մի ոլորտ, ուր Սուրենյանցը մուտք գործած չլինի։ Նա ոչ միայն խոշոր գեղանկարիչ, այլև գրքի տաղանդավոր ձևավորող, հայտնի թատերական նկարիչ, արվեստի հմուտ տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, քանդակագործ և հասարակական գործիչ է։ Նկարել է նաև բնանկարներ և դիմանկաներ։ Սուրենյանցը նկարազարդել է բազմաթիվ հայկական ժողովրդական հեքիաթներ, Ալեքսանդր Պուշկինի «Բախչիսարայի շատրվան» պոեմը, Օսկար Ուայլդի հեքիաթները, Մետեռլինգի ստեղծագործությունները։ Յալթայի հայոց եկեղեցու որմնանկարների հեղինակը նույնպես Սուրենյանցն է։
Աղբյուրը` hy. wikipedia.org