25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Փող շինելուց» բացի. Առավոտ

Երեկ սկսվել է Մեծ պահքը: Որքան շատ եմ ապրում, այնքան շատ եմ կարեւորում նման իրադարձությունները: Ոչ թե ծեսերը, ոչ թե արտաքին դրսեւորումները, ոչ թե բոլոր ժամանակների փարիսեցիների դերասանությունները, այլ բովանդակությունը, իմաստը: Իսկ իմաստն, իմ կարծիքով, այն է, որ փոքր-ինչ զսպելով քո մարմինը՝ փորձես ավելի շիտակ նայել քո հոգուն: Որոշ ժամանակ առաջ մեզ բացատրում էին, որ մարդը հոգի չունի, նա ունի «պսիխիկա». զավեշտն այն է, որ դա նույն հոգեկանի անվանումն է, պարզապես՝ հունարեն: Բայց պարզ է, թե ինչու էին այդպես ասում. ժամանակ եւ ուժ մի՛ կորցրեք ձեր հոգին կարգի բերելու համար, բավարարվեք ձեր նյութական պահանջներով: Այդպես էլ անում էին՝ ծաղրելով եւ նսեմացնելով հոգեւորը:

«Սաղ սուտ ա, փող ա պետք շինել»՝ ես դա ամեն քայլափոխի լսել եմ ոչ միայն հիմա, այլեւ 1970-80 թվականներին, երբ հեռուստատեսությամբ եւ ամբիոններից լրիվ ուրիշ բան էին ասում: Նման մոտեցման հակառակ, բայց նույնքան սխալ դրսեւորումն այն համոզմունքն է, որ կան ինչ-որ «գաղտնի գիտելիքներ», որոնք ձեզ զորեղ են դարձնում, կան ինչ-որ հատուկ «աֆիրմացիաներ» (պնդումներ)՝ բավական է դրանք իմանալ ինչ-որ «գուռուներից», եւ ձեր կյանքում ամեն ինչ լավ է դասավորվելու, կան ինչ-որ միստիկ «հոգեւոր վարժություններե, որոնք ամեն օր կատարելիս դուք երջանիկ եք դառնում:

Այդ, մեղմ ասած, շառլատանությունը նույնպես տարածված էր իմ պատանեկության եւ երիտասարդության տարիներին՝ իհարկե, ավելի քիչ, քան «փող շինելու» փիլիսոփայությունը: Ըստ էության, դրանք իրար շատ մոտ են, որովհետեւ հիմնված են «երջանկության» եւ «հզորության» մասին խեղված պատկերացումների վրա: Մի դեպքում դրանք հնարավոր է գնել փողով, մյուս դեպքում՝ «գաղտնի գիտելիքներով»: Իրականում երջանկությունը կյանքում նպատակներ ունենալն է, հզորությունը՝ սիրելն է եւ ուրիշների կողմից սիրված լինելն է: Իսկ վարժությունները… Կյանքն ամեն քայլափոխի մեզ նման «վարժություններ» է դեմ տալիս:

Տեսնում եք ողորմություն ուզող տատիկին, մի՛ ափսոսացեք կես րոպեն եւ 100 դրամը, տեսնում եք ձեզնից թույլ մարդու, մի՛ փորձեք ձեր ուժն ի ցույց դնել եւ հրճվել դրանով, ձեզ մեկը հայհոյել է ֆեյսբուքով, մի՛ պատասխանեք, ավելի լավ է սրտանց մի «սմայլիկ» ուղարկեք, ձեր դեմ ուտելիք է դրված, ագահորեն մի՛ հարձակվեք, սկզբում, գոնե մտքում, Աստծուն շնորհակալ եղեք, որ այդ ուտելիքը դրված է:

Եվ ընդհանրապես՝ մեզ համար հերթական լույսը բացվելուց շնորհակալ լինենք: Որ ես այդ ամենը թվարկում եմ, դա ամենեւին չի նշանակում, թե ես այդ «վարժությունները» միշտ «5»-ի եմ կատարում: Հենց դրա համար էլ պետք են օրեր կամ, ինչպես տվյալ դեպքում է՝ շաբաթներ, երբ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այդ «վարժություններին»: Դրանք չեն խանգարի հատկապես նրանց, ովքեր այսօր մտել են նախընտրական պայքարի մեջ: Պետք չէ հրապարակավ որեւէ տեղ աղոթել՝ Աստվածաշնչում ասված է, որ այդպես են վարվում փարիսեցիները: Հավատն ավելի սովորական եւ առօրյա դրսեւորումներ ունի:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ