25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մարզերում հանդիսատեսն ավելի պահանջկոտ և ուշադիր է»

Օրերս  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում  հանդես եկավ յոթ երգիչ՝ Հայկուհի Բաբախանյանը, Գևորգ Սիրեկանյանը, Հովհաննես Ալեքսանյանը, Մեսրոպ Մարտիրոսյանը, Սյուզաննա Սայադյանը, Արման Խաչատրյանը, ինչպես նաև փոքրիկ երգիչ Ալեն Թորոսյանը:

Համերգն իր պարային համարներով զարդարեց Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի մշակույթի տան «Լիճք»  պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Ռաֆիկ Հակոբյան, տնօրեն՝ Հակոբ Խաչատրյան):

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում համերգի մասնակից,  ժողովրդական երգիչ Արման Խաչատրյանը նշեց՝ թեև համերգային դահլիճն ընդամենը 380 հանդիսատեսի համար է նախատեսված, այդուհանդերձ, ոմանք պատրաստ են եղել  համերգը վայելել՝ ողջ ընթացքում կանգնած լինելով:

«Համերգի ընթացքում, կարծում եմ,  մետ 470  հանդիսատես կար  դահլիճում:  Այնքան բարձր տրամադրություն էր  տիրում,  որ հանդիսատեսներից շատերը բոլորովին չէին դժգոհում, որ իրենց համար տեղ չէր մնացել, փոխարենը  կանգնած տեղում պարում էին ու տոնական տրամադրությամբ լցնում համերգային դահլիճը: Մարտունեցիներն, իսկապես, շատ  ջերմ ընդունեցին մեզ: Բավականին հաճախ ենք համերգներ ունենում ՀՀ մարզերում: Ես և ընկերներս ջանք չենք խնայելու, որ ավելի շատ հանդես գանք մարզերում ու մեր ուժերի ներածին չափով փորձենք մարզերում ակտիվացնել մշակութային կյանքը: Պարզապես մենք չունենք հովանավորներ և, բնականաբար, որոշակի խնդիրներ են առաջանում, բայց, այդուհանդերձ, աշխատում ենք հաղթահարել այդ դժվարությունները. կարևորը ցանկությունն է», – նշեց Արման Խաչատրյանը:
Համերգի մասնակիցներից Սյուզաննա Սայադյանը, ով հանրությանը հայտնի դարձավ «Ժողովրդական երգիչ» նախագծից, մեզ հետ զրույցում նշեց. «Համերգից ստացած տպավորությունները  ոգևորիչ էին ՝ հատկապես ինձ համար, քանի որ ես գտնվում էի իմ ծննդավայրում: Հանդիսատեսը մեզ ընդունեց բուռն ու ջերմ լիցքերով… կարճ ասած՝ ամեն ինչ հրաշալի էր: Ես անչափ կարևորում եմ մշակութային կյանքի զարգացումը Հայաստանի մարզերում. մեր ժողովուրդն իսկապես նմանատիպ համերգների կարիքն ու պահանջն ունի և, պետք է ասեմ՝   ըստ իս՝ մարզերում հանդիսատեսն ավելի պահանջկոտ և ուշադիր է»:

Գևորգ Սիրեկանյանն  էլ իր հերթին շեշտեց՝ հանդիսատեսը ջերմ ընունեց իրենց, ապա հավելեց. «Եվ, ամենակարևորը, պետք է ասեմ՝ մարդիկ շատ անմիջական էին: Մեր ներկայացրած երգերը վաղուց հարազատ են դարձել նրանց, ուստի շատերը մեզ հետ երգում էին: Անկեղծ ասած՝ առաջին անգամն էր, որ  մարզում համերգի էի մասնակցում. իսկապես, տպավորված եմ: Հանդիսաստեսներից ոմանք վերջում մոտեցան մեզ, շնորհակալություն հայտնեցին: Ասացին՝ իրենց քաղաքում վաղուց այդպիսի համերգ չէր եղել,   ասում էին՝ վաղուց էին սպասում այդ համերգին»:
Համերգի մասնակից Հովհաննես Ալեքսանյանն ընդգծեց. «Համերգն անցավ շատ ջերմ մթնոլորտում: Ամենուր ժպիտներ ու  ծափահարություններ էին: Կարևոր է, որ մարզերում էլ հաճախ անցկացվեն համերգներ: Մարզերի հանդիսատեսը յուրահատուկ է. Այս անգամ ևս մենք յուրահատուկ ընդունելության արժանացանք»:

Ժողովրդական երգչուհի Հայկուհի Բաբախանյանը մեզ հետ զրույցում շեշտեց՝ Մարտունիում կայացած համերգային ծրագիրը հարուստ էր բազմաժանր երգերով:
«Հանդիսատեսը հնարավորություն ուներ  վայելելու դասական, ժողովրդական,  աշուղական, էստրադային երգերշ: Հաճախ ենք համերգներ ունենում մարզերում. դա շատ կարևոր է, քանի որ համերգների միջոցով կարողանում ենք նախ շփվել հանդիսատեսի հետ, ապա որոշակի ճաշակ զարգացնել նոր սերնդի մոտ: Կարծում եմ՝ այսպիսի համերգները, ինչո՞ւ  չէ, նաև թատերական ներկայացումները պետք է ավելի շատ լինեն ոչ միայն մարզերում, այլև մայրաքաղաքում», – եզրափակեց Հայկուհի Բաբախանյանը:
maxresdefault

crop_165664565_YmjO

16976562_1112448968876911_1022224153_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ