Քաղաքապետարանում էր Սոպոտի պատվիրակությունը
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լեհաստանի Սոպոտ քաղաքի քաղաքապետ Յացեկ Կորնովսկիի գլխավորած պաշտոնական պատվիրակության հետ: Ողջունելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երեւան քաղաքի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, առանձնացրել է նաեւ քաղաքի մշակութային հարուստ պատմությունն ու մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու հարստացմանն ուղղված քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը. “Կարծում եմ Երեւանը եւ Սոպոտը համագործակցության լայն հնարավորություններ եւ հեռանկար ունեն ինչպես մշակույթի եւ սպորտի բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով”,- նշել է Տարոն Մարգարյանը կարեւորելով նաեւ հոկտեմբերի 4-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում լեհ նկարիչ Ռիշարդ Ստրիեցի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի կազմակերպումը. “Ցուցահանդեսը կրում է ճանաչողական բնույթ եւ հնարավորություն կստեղծի առավել մոտիկից ծանոթանալու լեհական մշակույթին: Վստահ եմ, որ մեր համագործակցության արդյունքում Լեհաստանում` հատկապես Սոպոտ քաղաքում եւս կանցկացվեն նմանատիպ միջոցառումներ եւ կներկայացվի հայկական հարուստ մշակույթը: Սա նաեւ հրաշալի առիթ է մշակութային երկխոսության տեսանկյունից”,- նշել է Երեւանի քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Սոպոտի քաղաքապետ, Յացեկ Կորնովսկին համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երեւանի եւ Սոպոտի միջեւ հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. “Սոպոտը եւս ապրում է մշակութային հարուստ կյանքով եւ ես համոզված եմ, որ երկու քաղաքներն իսկապես ունեն մեծ ներուժ համատեղ ծրագրերի իրականացման հարցում”,- նշել է Յացեկ Կորնովսկին եւ երկու քաղաքների միջեւ հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Սոպոտում:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու Սոպոտ քաղաքի հետ եւ իր լիազորությունների շրջանակում օժանդակելու փորձի փոխանակման, ենթակառուցվածքների բարելավման, կառավարման, այդ թվում նաեւ Երեւանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում: