25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Անակնկալ զարգացումներ միշտ էլ հնարավոր են, բայց ոչ այս քվեարկության ժամանակ»

Henaran.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

-Պարո՛ն Մարտիրոսյան, արդեն կան կուսակցությունների ցուցակները: Որևէ կուսակցության ցուցակ անսպասելի՞ էր Ձեզ համար:

-Ոչ: Երբ քաղաքական անգույն ներկապնակը հայտնի է վաղուց՝ որևէ ցուցակ այլևս չի կարող զարմացնել: Նամանավանդ՝ հասկանալի է, որ այս նոր խորհրդարանում գերակշիռ մեծամասնություն պետք է կազմեն հեզ և անգույն անձինք, որոնք նոր կառավարման պայմաններում անհապաղ և անխոնջ իրականացնելու են պարտիական վերնախավի բոլոր որոշումները: Այդ առումով անակնկալներ չկային:

-ՀՀԿ-ի ցուցակի վերաբերյալ ի՞նչ կասեք:

-Ոչինչ: ՀՀԿ-ն հավատարիմ է իր տեսակին և իր որակին, եթե, իհարկե, «որակ» բառն այստեղ կիրառելի է: Լիովին սպասելի ցուցակ է:

-Իսկ ընդհանուր քաղաքական դաշտի վերաբերյալ ի՞նչ տպավորություններ ունեք:

-Տպավորություն կա, որ ոչ մի քաղաքական գործընթաց տեղի չի ունենում, ակտիվություն չի նկատվում: Այո: Հեզաճկուն խորհրդարան ստանալու համար հիմա դա լավագույն վարքագիծն է: Հանգիստ, առանց ցնցումների իրականացնել խորհրդարանական «ընտրությունների» վաղօրոք գծված պլանը: Առայժմ ամեն բան հենց ըստ այդ պլանի է ընթանում:

-Ո՞ր քաղաքական ուժերին կտեսնենք ապագա խորհրարանում:

-ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ: Այլ խոսքով՝ Հայաստանի երրորդ հանրապետության հավերժական կոալիցիան: Մնացածի մասով՝ չգիտեմ: Կարծում եմ՝ քչերը գիտեն:

Համաձա՞յն եք, որ դաշինքները ձևավորվում են զուտ խորհրդարան անցնելու, մանդատ ունենալու համար և գաղափարական հենք չունեն:

-Իսկ ի՞նչ կա համաձայն չլինելու: Իհարկե: Հայաստանում գաղափարական հենք հիմա միայն մի կուսակցություն կա՝ դա այսպես կոչված «Հայ Ազգային Կոնգրեսն» է, որի գաղափարախոսությունը Հայաստանը Հայաստանի թշնամիներին հանձնելն ու հայոց պատմությունն ավարտելն է: Այլ որևէ ուժ, իմ կարծիքով, որևէ գաղափարախոսություն չի դավանում:

Ըստ Ձեզ՝ ո՞վ է ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը:

-Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությունը: Ու քանի որ այդ երկրի այդ կուսակցությունն այլևս չկա, ապա ՀՀԿ-ն փաստացիորեն անմրցակից է մնում:

Կարծո՞ւմ եք, որ ամեն ինչ պարզ է: Այսինքն՝ պա՞րզ է, որ ՀՀԿ-ն է լինելու ամենաշատ քվե հավաքած կուսակցությունը, թե՞ Դուք կարծում եք, որ հնարավոր են անակնկալ զարգացումներ:

-Անակնկալ զարգացումներ միշտ էլ հնարավոր են, բայց ոչ այս քվեարկության ժամանակ: Երկրում հատուկ Սահմանադրություն է փոխվել, փոխվել է Ընտրական օրենսգիրք, հասարակության հոգեբանություն է փոխվել, ավելի շուտ՝ այլասերվել, փոխվել են և երկիրը սիրելու և չսիրելու չափանիշները: Ավելի շուտ՝ փոխատեղվել են: Այդ ամենն արվել է մի նպատակով. որպեսզի ՀՀԿ-ն դառնալով Հայաստանի միակ կառավարիչ «պարտիան»՝ պարտիական իշխանություն ստանձնի և երկիրը վարի մոտավորապես այն մոդելով, որով ԽՍՀՄ-ում էր, կամ էլ՝ մեկ այլ կոմունիստական ասիական երկրում: Եթե կան մարդիկ, որոնք կարծում են, թե ինչ-որ հրաշքով կատարված հսկայական աշխատանքը՝ այդ աշխատանքը կատարածները կարող են ջուրը գցել և սրբանալ, ապա այդ մարդիկ անրջում են:

Ցավոք սրտի՝ քաղաքականության մեջ հրաշքներ հազվադեպ են տեղի ունենում, եթե ընդհանրապես տեղի են ունենում: Այնպես որ, Հայաստանում ապրիլին ձայների մեծամասնությունը ստացել է ՀՀԿ-ն, կազմել է կոալիցիա, վաչապետ է նշանակել, իսկ երկիրը շարունակում է կառավարել ՀՀԿ առաջնորդը: Այս անգամ, արդեն, իհարկե, ստվերից և առանց որևէ հանրային պատասխանատվության: Այս ամենն արդեն եղելություն է: Եվ ամեն բան դրանից դուրս ֆանտաստիկայի ոլորտից է:

 

Զրույցը վարեց Սերինե Գաբրիելյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ