ՀՀ-ից ՌԴ զանգվածային արտագաղթը կբացառվի. Տիգրան Սարգսյան
ԱԺ –կառավարություն հարցուպատասխանի ժամին ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր “Ազատ դեմոկրատ” Ալիկ Արզումանյանը ՀՀ վարչապետին հարց ուղղեց ՌԴ էմիգրացիոն գործակալության կողմից ՌԴ-ում համերկրացիների բնակեցման քաղաքականության մասին:
Ալիկ Արզումանյանը ներկայացնելով ՌԴ օրենսդրության համապատասխան հոդվածը, նշեց, որ “համերկրացի” եզրույթի տակ հասկացվում են նաեւ նախկին ԽՍՀՄ-ում ապրող ժողովուրդները:
“Վերջին չորս ամսվա ընթացքում ՌԴ է մեկնել մոտ հազար հինգ հարյուր քաղաքացի: Ծրագրին մասնակցող քաղաքացիները պետք է հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից եւ ընդունեն ՌԴ քաղաքացիություն”,-նշեց նա եւ հավելեց.”Մամուլից իմացանք, որ Դուք մտահոգ եք, որ մտահոգություն է հայտնել նաեւ Գրողների միությունը, համոզված ենք, որ մտահոգություն կհայտնի նաեւ Ռեկբիի ֆեդերացիան, բայց ինձ հետաքրքրում է, թե ինչ քայլեր է իրականացնում ՀՀ կառավարությունը օտերերկյա պետության համապատասխան ծառայության կողմից մարդկանց հավաքագրման դեմ”:
Ի պատասխան վարչապետը նշեց, որ պատգամավորը իրավացի չէ, որ կառավարուոթյունը միայն մտահոգությամբ չի բավարարվել:
“ՌԴ միգրացիոն ծառայության կողմից իրականացվող պետական ծրագիրը, որը այս ձեւով եւ ֆորմատով իրականացվում է այլ հանրապետություններում, մեզ համար ընդունելի չէ, եւ մենք մեր համաձայնությունը չենք տվել: Այս հարցը հստակ ձեւակերպված է միջկառավարական հանձնաժողովում: Այդ դիրքորոշումը հայտնի է ՌԴ քաղաքական ղեկավարությանը, եւ մենք լիահույս ենք , որ ՀՀ դեպքում այդ ֆորմատը չի գործի”,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Ինչ վերաբերվում է միգրացիոն գործընթացներին, ընդհանրապես, ըստ վարչապետի, այդ գործառույթը կարելի է կազմակերպել դիվանագիտական խողովակներով, բայց անթույլատրելի է այդ ձեւով այդ ծրագրի իրականացումը ՀՀ-ում:
Վարչապետն ասաց նաեւ, որ հարցին տեղյակ է նաեւ ՌԴ նախագահի խորհրդական Լեւիտինը: Հոկտեմբերի 12-ին Երեւանում տեղի ունենալիք միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում եւս հարցը ներառված է:
“Մենք հետեւողական աշխատանք ենք տանում, եւ մեր ռուս գործընկերները մեր փաստարկներն ընդունում են` սովորական միգրացիոն գործառույթներ կազմակերպելու հարցում համոզված եմ, որ համաձայնության կգանք, բայց ՀՀ-ից այդպիսի մեծածավալ արտագաղթ կազմակերպելու գործառույթները Հայաստանում կբացառվեն”,-եզրափակեց վարչապետը:
Ալիկ Արզումանյանը արձագանքման իրավունքով ձայն խնդրեց եւ նշեց, որ հարցի պատասխանից բավարարված է, քանի որ վարչապետը կիսում է բարձրացված մտահոգությունը: