Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ջեյն Բյուքանանին, Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիային և նույն կազմակերպության խորհրդի անդամ Քեթրին Զենստրոմին:
Հանդիպման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները Պաշտպանին ծանոթացրել են 2016 թվականին Հայաստանում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված հետազոտության արդյունքները, խնդիրներն ու մտահոգությունները:
Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել հյուրերին կատարած աշխատանքի համար և կարևորել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռնարկված քայլերը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին նոր օրենքի համաձայն՝ Պաշտպանն իրականացնում է երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն: Պաշտպանը նաև նշել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսված ծրագրերի, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության, համապատասխան բաժին ստեղծելու մասին և այլն:
Հանդիպման ավարտին Պաշտպանը պատրաստակամություն է հայտնել երեխաների պաշտպանության ոլորտում էլ ավելի ամրապնդելու ընթացիկ համագործակցությունը: