Կպայքարի՞ ընդդիմությունը թիվ 38-ի ընտրատարածքում.Հրապարակ
Այսօր, կառավարության նիստում, Վահե Հակոբյանը պաշտոնապես կնշանակվի Սյունիքի մարզպետ: Ըստ “Հրապարակ”-ի, Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությամբ ստեղծված վախի մթնոլորտը մարզում նահանջել է:
Թեեւ այս կադրային փոփոխությունը, իհարկե, մարզում մի նոր լարվածություն է ստեղծելու: Թիվ 38 ընտրատարածքում, որտեղից Վահեն երեք անգամ ընտրվել է պատգամավոր, նոր ընտրություն պետք է նշանակվի, եւ բնական է, որ նոր մարզպետն ու իր հայրը փորձելու են իրենց ուզած մարդուն մտցնել խորհրդարան: Դա նշանակում է, որ ընդդիմադիրներին այստեղ թեժ պայքար է սպասվում պատգամավորի մանդատի համար: Իսկ ընդդիմադիրներից ո՞վ է պատրաստ պայքարելու: Արմատական ընդդիմություն համարվող Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, որը 2012-ի մայիսին հուժկու պայքարի էր լծվել եւ այստեղ առաջադրել Դավիթ Մաթեւոսյանի թեկնածությունը, դեռ հարցը չի քննարկել:
Լեւոն Զուրաբյանն անգամ դժվարացավ հայտնել՝ իրենք թեկնածու առաջադրելու են, թե ոչ: “Ժառանգություն” կուսակցությունը, որը դեռեւս ամիսներ առաջ՝ նախագահական ընտրություններում, Լիսկայի ստրկացրած մարզում հաղթանակ գրանցեց, չի բացառում, որ թեկնածու կառաջադրի:
“Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը թերթի հետ զրույցում ասաց. “Նախագահական ընտրություններում Կապանում իշխանությունների համար անսպասելի արդյունքներ գրանցվեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես հաղթեց, դա եւս վստահություն է ներշնչում “Ժառանգությանը”, որ քննարկումներում նաեւ այդ ընտրատարածքի արդյունքները նկատի ունենա վերջնական որոշում կայացնելիս”:
Թերթը հիշեցնում է, որ նախորդ ընտրություններում այստեղից առաջադրվել էր նաեւ Ագրարային համալսարանի Կապանի ուսումնական կետի ղեկավար Նարինե Մովսիսյանը, ում ընդդիմադիր կեցվածքի համար խոչընդոտում էին քարոզարշավ իրականացնել: Այս անգամ տիկինը թերթի հետ զրույցում ասաց, եթե իր որոշումը մի քանի հանգամանքներից է կախված:
Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը վստահեցնում է, որ ինքը քաղաքականությանը չի խառնվում, եւ այն հարցից, թե պատրաստվո՞ւմ է սեփական թեկնածուին առաջադրել կամ սատարել թիվ 38-ում, վրդովվեց. “Չեմ պատասխանելու այդ հարցին, կոմբինատի մասին հարցեր տվեք՝ պատասխանեմ, մեր ձեռնարկության մասին հարցեր տվեք՝ պատասխանեմ”:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: