25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա տարածքային վեճ չէ, մարդու իրավունքների հարց է․ Նալբանդյանի հարցազրույցը Deutsche Welle-ին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լայնածավալ հարցազրույց է տվել Deutsche Welle-ին, որում անդրադարձել է Հայաստանի հարաբերություններին Ռուսաստանի, Արեւմուտքի հետ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ հայկական սփյուռքի դերին։

Անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության համագործակցությանը՝ Նալբանդյանը նշել է, որ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջող են ընթանում, եւ մոտ ժամանակներս կարելի կլինի հայտարարել դրանց ավարտի մասին։

«2015թ. դեկտեմբերին մենք Ֆեդերիկա Մոգերինիի հետ տվեցինք բանակցությունների մեկնարկը, և այս ընթացքում կայացել է բանակցությունների 8 փուլ: Դրանք բավականին հաջող են ընթանում, մենք մոտեցել ենք եզրափակիչ փուլին: Ենթադրում եմ, որ մոտակա ժամանակահատվածում մենք կկարողանանք հայտարարել բանակցությունների ավարտի մասին։ Իհարկե, դրանից հետո բանակցությունների ևս մի քանի փուլ կլինի, վերջնական համաձայնեցման փուլ կլինի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրամիության անդամ են 28 երկիր: Դա չեմ կարծում երկար, բայց ամեն դեպքում որոշակի ժամանակ տանող է։ Դրանից հետո կլինեն վերջին հստակեցումները և համաձայնագրի ստորագրումը»,- ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ԵՄ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ Հայաստանը Ռուսաստանի հետ խորհրդակցո՞ւմ է, թե ոչ,  Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բաց բանակցություններ է վարում և՛ Եվրոպական Միության, և՛ այլ գործընկերների հետ:

«Ընդհանրապես, մեր քաղաքականությունը բաց է, մենք որևէ մեկի թիկունքում բանակցություններ չենք վարում: Մեր երկրի նախագահը, ես` որպես արտաքին գործերի նախարար, մեկ անգամ չէ, որ հարցազրույցներ ենք տվել և հայտարարել Եվրոպական Միության հետ համաձայնագրի մասին: Այնպես որ, չկա այնպիսի բան, որի մասին մենք  բաց չենք խոսել»,- ասել է նախարար Նալբանդյանը:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։ Լրագրողը հարցրել է․ «Եթե հաջողվի փոխզիջում գտնել Ադրբեջանի հետ տարածքային հարցում, ապա ինչպիսի՞ն այն կլինի»։ Ի պատասխան՝ նախարարը նշել է, որ սա ոչ թե տարածքային վեճ է, այլ մարդու իրավունքների հարց։

«Այստեղ տարածքային վեճի մասին խոսք չկա։ Դա Ադրբեջանն է այդպես փորձում ներկայացնել։ Սա մարդու իրավունքի, մարդու ինքնորոշման իրավունքի հարց է»,- ասել է նա՝ նշելով, որ ղարաբաղյան հակամարտությունը մյուս հակամարտություններից առանձնանում է նրանով, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը հանդես են գալիս միասնական դիրքորոշմամբ:

«Նրանք մշակել և հակամարտող կողմերին ներկայացրել են խնդրի կարգավորման ընդհանուր մոտեցումներ: Հակամարտող կողմերն են նախ և առաջ Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Հայաստանը: Այդ մոտեցումներն արտահայտված են հինգ հայտարարություններում, որոնք արել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները: Մենք հայտարարել և հայտարարում ենք, որ պատրաստ ենք այդ հիմքի վրա գնալ կարգավորման: Համանախագահ երկրներն առաջարկել են հստակ սկզբունքներ և տարրեր, ընդ որում, երկրների ղեկավարներն ու արտգործնախարարները բազմիցս նշել են, որ այդ սկզբունքները, տարրերը մշակվել են որպես մեկ ամբողջություն և չի կարելի մի սկզբունքը տարանջատել մյուսից, մի տարրը՝ մեկ ուրիշից: Ի տարբերություն հայկական կողմի դիրքորոշման` Ադրբեջանը փորձում է ձևացնել, որ նման հայտարարություններ առհասարակ գոյություն չունեն»,- նա։

Խոսելով այն մասին, թե ինչպիսին է տեսնում փոխզիջումը՝ Նալբանդյանն ասել է, որ այդ մասին էին նաեւ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունները։

«Խոսքը երեք սկզբունքի մասին է, առաջինը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում: Ինչպես գիտեք, Ադրբեջանը շարունակում է ամեն օր սպառնալ, ինչպես նաև ուժ կիրառել: Երկրորդ սկզբունքը ինքնորոշման իրավունքն է, իսկ երրորդը` տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ