25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այդ առումով որևէ բացասական փոփոխություն դուք չեք զգալու. Ս. Սարգսյան

Հատված Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից
ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ

Բարև՛ ձեզ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հարգելի՛ ներկայացուցիչներ:

Ձեզանից շատ-շատերի հետ ժամանակին հնարավորություն եմ ունեցել անմիջականորեն աշխատելու: Այդ իսկ պատճառով շատ ուրախ եմ այս հնարավորության համար և ուզում եմ, որպեսզի մենք ձեզ հետ միասին մեկ անգամ ևս վստահ ընդգծենք, որ ժամանակին կատարել ենք մեր ընտրությունը և մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ մեր ընտրությանը և մեր համազգեստին: Իսկ խոսել ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության հանրային և ազգային անվտանգության օրախնդիր հարցերի մասին: Այս հարցերի պարզաբանումն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գործը ճիշտ կազմակերպելու համար: Իմ խոսքից հետո, անշուշտ, ակնկալում եմ ձեր հարցերը:

Հայաստանի Հանրապետության հանրային անվտանգության հարցերը չեն պատկանում Զինված ուժերի ղեկավար կազմի ուղղակի լիազորությունների շարքին: Սակայն դուք բոլորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք, ուստի այդ հարցերի պարզաբանումը ձեզ համար կարևոր եմ համարում հենց այդ տեսանկյունից:

Մեր անմիջական արտաքին միջավայրը բարդ է, խճճված, հաճախ՝ խիստ հակասական ու անհասկանալի: Սակայն դա բնավ չի նշանակում, որ այդ ամենի հետ մենք պետք է պարզապես համակերպվենք և ձեռքներս ծալած նստենք, սպասենք, տեսնենք, թե մեզ ինչ անակնկալներ են հրամցնելու:

Ասել եմ և կրկնում եմ՝ այն մտայնությունը, թե մենք դատապարտված ենք ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, անընդունելի է:
Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում: Մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որևէ առնչություն չունեն և նրանց պատճառով չեն:

Մեր հասարակական կյանքի կազմակերպման և լավ կառավարման խնդիրներն ազգային անվտանգության խնդիրներ են: Թերի կառավարումն ուղղակի ազդում է ազգային անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա:

Հենց այդ պատճառով մենք նախաձեռնեցինք Սահմանադրության բարեփոխման գործընթացը: Մեր երկիրն այդպիսով թևակոխել է բեկումնային փոփոխությունների փուլ, որն անմիջապես պետք է զգալի լինի անձամբ ձեր և ձեր ընտանիքների համար:
Գիտեմ, որ ձեզնից շատերը որոշ մտահոգություններ ունեն սահմանադրական փոփոխությունների արդյունքում ոչ պատերազմական ժամանակաշրջանում Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի վերացման կապակցությամբ: Այո, 2018 թվականից, երբ նոր Սահմանադրությունն ամբողջովին ուժի մեջ մտնի, այլևս նման պաշտոն նախատեսված է միայն պատերազմի ժամանակ:

Ֆրանսիայում, որը ևս կիսանախագահական հանրապետություն է, պատմականորեն ձևավորվել է «համակեցություն» տերմինը: Դա այն իրավիճակն է, երբ երկրի նախագահը ներկայացնում է մի կուսակցություն, իսկ վարչապետը և Ազգային ժողովի մեծամասնությունը՝ մեկ այլ քաղաքական ուժ:

Երկար քննարկումներից հետո մենք հանգեցինք այն եզրակացությանը, որ մեզ համար նման «համակեցություն» ձևավորելը շատ երկարատև պրոցես է և, կներեք, բայց մեզ համար, ցավոք սրտի, դեռևս անիրականանալի: Բոլորդ էլ գիտեք, որ կիսալուծումները սովորաբար պարտադրված և ամենավատ լուծումներն են, ուստի և անհրաժեշտ էր գտնել և տալ ամբողջական լուծում:

Նոր Սահմանադրությամբ մեր պետությունն անցնում է կառավարման խորհրդարանական ձևի: Հանրապետության վարչապետի լիազորություններն ու հնարավորությունները ազգային անվտանգության և պաշտպանության առումով լինելու են շատ ավելի լայն, քան այն, ինչ կիսանախագահական համակարգի պայմաններում վերապահված է այսօրվա Նախագահին՝ Գերագույն գլխավոր հրամանատարին: Նպատակը հետևյալն է. մեկտեղ կենտրոնացնել պատասխանատվությունը և լիազորությունները: Եթե անհրաժեշտություն կլինի մանրամասնել, թերևս, այս հարցը ձեզ շատ է հետաքրքրում, ես պատրաստ կլինեմ ավելի մանրամասն ներկայացնել: Այսպիսով մենք բացառել ենք «համակեցության» պայմաններում Հանրապետության Նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է:

Ուզում եմ, որ դուք լիովին հասկանաք և գիտակցեք այդ փոփոխությունների իմաստը:

Ձեր աշխատանքի վրա այս փոփոխությունները որևէ անդրադարձ չեն ունենալու և եթե ունենալու են, ապա միայն դրական տեսանկյունից: Այդ առումով որևէ բացասական փոփոխություն դուք չեք զգալու:
Ազգային պաշտպանության կազմակերպման և կառավարման տեսանկյունից այս փոփոխությունը, ինչպես ասացի, միայն դրական ազդեցություն է ունենալու: Հայաստանի պետությունը շարունակելու է գուրգուրել և փայփայել իր անփոխարինելի և սիրելի զավակին՝ հայկական բանակին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ