Ում հետ կուզեմ, ընկերություն կանեմ, թքած ունեմ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիրներ ունի․ Յանա Եգորյան
Ազգությամբ հայ, ռուսաստանցի հայտնի սուսերամարտիկ Յանա Եգորյանը լայնածավալ հարցազրույց է տվել «Экспресс-газета»-ին, որի ընթացքում խոսել է նաեւ իր հայկական արմատներից, հորից ու հայ-ադրբեջանական հարաբերություններից։
Օլիմպիական չեմպիոն Յանան ասել է, որ հորը չի տեսել 17 տարի՝ ծնողները բաժանվել են, երբ ինքը 6 տարեկան է եղել։ Այժմ հայրն ապրում է Երեւանում, իսկ ինքը մոր հետ՝ Ռուսաստանում։ Յանան ասել է, որ մեծ ցանկություն չունի հորը տեսնելու, բայց եթե առիթ լինի, կհանդիպի նրան։
Խոսելով այն մասին, որ մարզումների, մրցումների ժամանակ արդյոք ադրբեջանցիների կողմից վատ վերաբերմունքի չի արժանանում՝ հայկական արմատների պատճառով՝ Յանան ասել է, որ ինքը թքած ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը բարձր մակարդակով ինչ-որ խնդիրներ ունեն իրար հետ։
«Մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, որտեղ մարդիկ վարժվել են հոտի բնազդին։ Ես դեպքեր գիտեմ, որ երկու երկրների սուսերամարտիկները երկար տարիներ ընկերություն են արել, իսկ հիմա ատում են իրար։ Դա հիմարություն է։ Ամեն ինչ վերեւներում որոշում են քաղաքական գործիչները, իսկ ներքեւներում՝ շարքային քաղաքացիները դրանից տուժում են։ Սակայն ես կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իր կարծիքն ունենա։ Օրինակ, ես ազգությամբ հայ եմ։ Այնպես է ստացվել, որ ես բազմաթիվ ընկերներ ունեմ Ադրբեջանից, եւ ես թքած ունեմ, որ Հայաստանն Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիր ունի բարձր մակարդակներում։ Ում հետ ուզում եմ, նրա հետ էլ ընկերություն եմ անելու»,- ասել է նա։