Իհարկե, ցավ եմ ապրում «Ժառանգության» համար. նախկին ժառանգական
Henaran.am-ի հետ զրույցում հրապարակախոս, Սոցապ նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանն, ով նախկինում «Ժառանգություն» կուսակցության անդամ էր և հիմա ներկայացված է «Հայկական վերածննդի» վարկանիշային ցուցակում, անդրադառնում է իր ընտրությանը, հնարավորություններին:
-Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին ու ինչո՞ւ «Հայկական վերածնունդն» ընտրեցիք:
-Անկեղծ ասած՝ ընտրություններին մասնակցելն ընդամենը 2-3 շաբաթ առաջ եմ որոշել, վարկանիշային ցուցակում եմ լինելու Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն համայնքներում: Պարզապես որոշեցի մասնակցությունս երկրի զարգացման հարցում ավելի գործնական դարձնել, ավելի օգտակար լինել, չհուսահատվել, մասնակցել, իսկ Հայաստանի պարագայում փոխելը կարելի է միայն ներսից, երբ բոլոր լծակներն իշխանության ձեռքում են:
-Ինչո՞ւ ոչ մյուս ընդդիմադիր կուսակցությունները:
-Քաղաքական այս դաշտում միակ կուսակցությունը, որ ես կարող էի ընտրել, «Հայկական վերածնունդն է», անկեղծ եմ ասում, իսկապես ես որևէ այլ տեղ չէի գնա: Կամ ընդհանրապես չէի մասնակցի, կամ որ որոշեցի մասնակցել, դա այդ կուսակցությունն է: Ես քաղաքական ուժի գնահատման իմ չափանիշներն ունեմ, ինձ համար կարևոր է այս տարիների ընթացքում փաստացի գործունեությունը, թե իրենք այս տարիների ընթացքում ինչ օգուտ ու ինչ վնաս են բերել Հայաստանին: Եվ այս տեսանկյունից, որ նայում եմ, «Հայկական վերածնունդն» ունի իր սոցիալական ուղղությունը:
–Փաստորեն տեսնում եք, որ ՀՎԿ-ն օգո՞ւտ է բերել Հայաստանին:
-Դրա փաստերը կան: Փոփոխությունները, որ մտցրին տարբեր ոլորտներում, մեծ գործեր են:
-Բայց հաշվի առնելով, որ «Հայկական վերածնունդը» գրեթե նույն «Օրինաց երկիրն է»՝ վարկանիշն ցա՞ծր չէ:
-Այն, ինչ որ պետք է գնահատվի, հակաքարոզչության տեխնոլոգիաներով բացասական է գնահատվում: Ես հենց այդ իրենց իշխանության մեջ եղած տարիները նկատի ունեմ: Թեպետ իրենք դժգոհ էին, դուրս եկան, բայց անգամ այն, ինչ իրենք արել են, քաղաքական ուժի համար ես բարձր եմ գնահատում: Իսկ լրատվամիջոցները չեն անդրադառնում դրականին, կատարված գործերին, որ օրինակ՝ մինչև ապրիլյան դեպքերն Արթուր Բաղդասարյանը խոսում էր այդ մասին, անդրադառնում են ինչ-որ մանրուքների, որ վնաս չեն բերում Հայաստանին:
-Ըստ Ձեզ՝ եթե ՀՎԿ-ն անցնի խորհրդարան, կոալիցիա կկազմի՞ ՀՀԿ-ի հետ, իհարկե, եթե նրանք կրկին իշխանություն լինեն:
-Արթուր Բաղդասարյանն արդեն ասել է՝ իրենք կոալիցիայի մեջ կլինեն, իշխանության մաս կկազմեն միայն այն դեպքում, երբ ձայնի իրավունք ունենան, որոշող լինեն, ոչ թե դիտորդ լինեն, այլ ազդեցություն ունենան որոշումների կայացման վրա:
–Ցավ չե՞ք զգում Ձեր նախկին կուսակցության՝ «Ժառանգության» համար, նկատի ունեմ այն տարաձայնությունները, որ կատարվում են կուսակցությունում:
-Ես ափսոսանք եմ զգում բոլոր այն կուսակցությունների համար, որ ինչ-որ մի շրջան լավ գործեր է անում, ապա վերանում է: Իհարկե, ցավ եմ ապրում, ինձ համար այսօր շատ կարևոր հարց է, որ քաղաքական ոլորտն ամրանա, ձևավորվի:
-Կողմ կլինեի՞ք, որ միայնակ մասնակցեին ընտրություններին:
-Պարզապես չունեն այն ներուժը, որ 5 տոկոսը հավաքեն:
–Ո՞ր ընդդիմադիր ուժերին եք տեսնում ձեզ մրցակից: Համախմբում, «Ծառուկյան» դաշինք…
-«Համախմբման» հետ կապված ես իմ կարծիքն ունեմ: Այնտեղ առանձին անձինք կան, որ հասարակության համակրանքը բոլորովին չեն վայելում, առանցքային անձեր են ու կունենան 0, 0 տոկսներ: Եթե դրանք գումարենք իրար, չգիտեմ՝ քանի տոկոս կստացվի:
-Իսկ չկա՞ն հասարակական համակրանքը վայելող անձինք:
-Կան անձինք, որ ունեն նաև համակրանք: Նրանք բայց աղմուկով դուրս են գալիս, օրինակ՝ Կարեն Անդրեասյանն է ադ մասին խոսում, ում հանդեպ հասարակության վատ վերաբերմունք, ամեն դեպքում, չկա, բայց իրեն կարծես չի տրվում առաջնագծում լինելու հնարավորություն:
-Իսկ «Ելքի» մասին ի՞նչ կասեք: Ասում են՝ ընդդիմադիր դաշտի հիմնական խաղացողներից է այս դաշինքը:
-Դժվարանում եմ ասել, կան մարդիկ, որ համակրում եմ, կան մարդիկ, որ ընդհանրապես չեմ համակրում:
–Ձեր և մյուսների հիմնական մրցակիցներից է լինելու «Ծառուկյան» դաշինքն՝ ըստ հարցումների:
-Նախ անունն ինձ դուր չի գալիս, և երկրորդ՝ ես կտրականապես դեմ եմ, սխալ եմ համարում Հայաստանի համար, ամենավատ ճանապարհը, որ մենք չենք կարողանում, այդ խոսքը գործին համապատասխանեցնելն է, և երբ նախագահն ասում է, որ խոշոր բիզնեսն Ազգային ժողովում չպիտի լինի, մենք դարձյալ նույն կոտրած տաշտակի առջև ենք կանգնում, շատ օրինական բիզնեսմեններ ուզում են լինել Ազգային ժողովում, հարց է առաջանում՝ ինչու ամեն մեկն իր գործով չի ցանկանում զբաղվել այս երկրում: