Չարից պաշտպանվելու աղոթք
Հզոր թագավոր, Քրիստոս, մեր Աստված, ապավեն` քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ նեղության մեջ եղողներին:
Դու, որ անօրենների կողմից չարչարվեցիր մեզ համար, ցույց տուր քո զորությունը եւ եկ փրկիր ինձ, որ քո արյունով գնեցիր:
Թույլ մի տուր, որ սատանան գերի ինձ, քո փրկածին, մի թող, որ չարը իր բնակարանը դարձնի ինձ քո սուրբ անունով կնքված տաճարս.
մի՛ թող, որ թշնամին կոխկռտի ու ծաղրի ինձ, քո մարմնի մեկ անդամը, այլ քո արարչական սիրով գթա ինձ, քո արարածին:
Տեր, ողորմի’ր մեզ, որ քո խաչը դարձրինք մեր միակ պարծանքը, թող քո խաչը պահի մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամուց:
Տեր, ողորմի’ր մեզ, որ քեզ` Աստծուդ ծնող ամենասուրբ կույսին ապավինեցինք . նրա աղոթքներով փրկիր մեզ չարից, որպեսզի առանց փորձանքների կնքենք մեր պանդուխտ կյանքերը.
Քո տասներկու սուրբ առաքյալների եւ նրանց աշակերտած հայրապետների սիրույն ողորմիր մեզ:
Սուրբ Հռիիփսիմյան եւ Գայիանյան կույսերի սիրույն, ով Աստված, ողորմիր ինձ մեղքերի մեջ կորածիս:
Սուրբ Գրիգորի եւ նրա լուսավոր զավակների սիրույն, որոնց ձեռքով ճանաչեցինք մեր Փրկչին, եւ որի ձեռքով Հայաստան աշխարհից հալածեցիր դեւերի բազմությունը, այժմ եւս անմիջապես հեռացրու սատանային մեզանից:
Սուրբ Վարդանանց ու Ատոմյանց զորավարների եւ նրանց ընկերացող սուրբ քահանաների սիրույն, որոնք չարի դեմ պատերազմեցին եւ նրա պատերազմը խափանելով Հայաստան աշխարհի սուրբ եկեղեցիները կործանումից փրկեցին, հիմա եւս, Տեր, խափանի՛ր սատանային իր չար գործակիցներով միասին:
Սուրբ ճգնավորների, վանական հայրերի եւ նրանց աշակերտած այրերի ու կանանց բարեխոսությամբ ողորմիր ինձ, Տեր, որովհետեւ նրանք քեզանից շնորհք ստացան եւ քո անունով հաղթեցին բանսարկուի բոլոր հնարքներին:
Հիմա եւս, Տեր իմ, քո հաղթող զորությամբ հաղթահարիր հակառակամարտը եւ մեզ հաղթանակ տուր նրա ընդդիմության դեմ:
Մեր բոլոր սուրբ հայրապետների եւ առաջնորդների բարեխոսությամբ, որոնց իշխանություն տվեցիր ոտքի տակ առնելու օձերին ու կարիճներին եւ թշնամու ամբողջ զորությունը, շնորհիր, որ հիմա մենք եւս նրանց բարեխոսությամբ ոտքի տակ առնենք կամակոր վիշապի գլուխը եւ լռեցնենք ու կապենք ամեն տեսակ հերձվածողների բերանները:
Կանանց ծնունդների մեջ մեծագույնի` սուրբ Հովհաննեսի եւ նախավկա սուրբ Ստեփանոսի բարեխոսությամբ մաքրիր մեզ հոգեկան եւ մարմնական ամեն պղծությունից եւ արժանի արա, որ ճշմարտապես, հոգով եւ ճշմարտությամբ քեզ երկրպագողների հետ միասին երկրպագենք քեզ եւ փառավորենք ամենասուրբ Երրորդությունը, այժմ եւ միշտ, հավիտյանս հավիտենից: Ամեն: