Հնարավոր է Ադրբեջանի կողմից պատերազմ եւ էսկալացիա. Արմեն Գրիգորյան
«Անցած ապրիլին պատերազմ է տեղի ունեցել, որը մեծ ազդեցություն է ունեցել Արցախի վրա: Սահմանադրական փոփոխությունները սկսել էր ապրիլից առաջ ու սկզբից առաջարկվում էր պառլամենտական մոդել, բայց այսօր օրակարգում սուպերնախագահական մոդելն է:Հետաքրքիր է, որ իշխանությունը փոխանակ պատրաստվի կանխարգելելու հաջորդ պատերազմները, ավելի շատ պատրաստվում են Սահմանադրական փոփոխությունների, որը այսօր օրակարգային հարց չի»,-այսօր՝ փետրվարի 14-ին հրավիրված քննարկման ժամանակ ասաց ԹԻՀԿ-ի (Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն) ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով՝ Արցախում Սահմանադրության հանրաքվեն իշխանության վերարտադրման նպատակ է հետապնդում:
Հիշեցնենք, որ ԼՂՀ-ում կանցկացվի Սահմանադրության հանրաքվե:
Արմեն Գրիգորյանը փաստում է, որ ԼՂՀ-ում սպասվելիք հանրաքվեի առնչությամբ մտահոգիչ իրավիճակ է առկա. «Հնարավոր է Ադրբեջանի կողմից պատերազմ եւ էսկալացիա: Կարծես թե Ադրբեջանը կրկին գնում է էսկալացիայի, որը հնարավոր է գարնանը: Այդ դեպքում ծանր իրավիճակ կստեղծվի: Երբ առաջնագծում պատերազմական իրավիճակ է, ՀՀ-ն երբեւէ չի հայտարարում պատերազմ, արտակարգ դրություն չի մտցնում: Եթե ՀՀ-ն պատերազմ չհայտարարի, բայց փաստացի լինի պատերազմական իրավիճակում, այս դեպքում ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները չեն կարող հետաձգվել»,-ասաց Գրիգորյանը: