Քոչարյանը երբեմն ճիշտ էր. Առավոտ
“Հայաստանի երկրորդ նախագահը երբեմն նաեւ ճիշտ բաներ էր ասում։ Օրինակ՝ մի անգամ իմ հարցին, թե ինչ կասեք գործարարների բողոքների մասին՝ հարկային ճնշումների վերաբերյալ, նա խորհուրդ տվեց թե այդ բողոքները եւ թե՛ հարկայինների արդարացումները բաժանել ուղիղ երկու կեսերի եւ երկու տարբեր ”աղբյուրների” ճիշտ կեսերը միացնելով՝ ստանալ ճիշտ պատկերը։ Նույն մեթոդաբանությունը հիմա ես առաջարկում եմ կիրառել մի կողմից՝ Վերահսկիչ պալատի եւ պատգամավորների մեղադրանքներին, մյուս կողմից՝ կառավարության արդարացումներին”,-գրել է “Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։
Նրանք, ովքեր իրադարձությունների մեջ քաղաքական շահագրգռվածություններ ունեն, հակված են ցանկալին իրականի տեղ դնել՝ “իշխանության բուրգը նոր ճաքեր է տալիս”, “միջկլանսսյին պայքարը սրվում է” եւ այլն։
Մի քանի տեղ կարդացել եմ, մասնավորապես, որ այդ ամենի հետեւում կանգնած է ԱԺ նախագահը, եւ նա ինչ-որ դավադրություն կամ հեղաշրջում է պատրաստում։
Այդպես մտածողները կամ միամիտ են, կամ անտեղյակ են, կամ էլ (որը ավելի հավանական է) “մուտիլովկաներով” են զբաղվում։ Հայաստանը, ինչպես եւ Ռուսաստանը, “ուժային պետականության” երկիր է (ի դեպ, չեմ լսել, որ, ասենք, ԱՄՆ-ում FBI-ի, CIA– ի ղեկավարներին կամ պաշտպանության նախարարին անվանեն “ուժային”)։
Հեղաշրջումները իրականացնում են ուժայինները, ինչպես որ դա եղավ 1991 թվականին Ռուսաստանում (անհաջող) կամ 1998-ին՝ Հայաստանում (հաջող)։ Այ, եթե Սեյրան Օհանյանը, Վլադիմիր Գասպարյանը կամ Գորիկ Հակոբյանը սկսեն քաղաքականությամբ զբաղվել, իմացեք, որ դավադրությունը, հեղաշրջումը հնարավոր են։ Հովիկ Աբրահամյանը ոչ անձնապես, ոչ էլ պաշտոնի բերումով նման բաների ընդունակ չէ։
Մնում է հարցերի (թե օֆշորային սկանդալի եւ թե ՎՊ հաշվետվության) բովանդակային քննարկումը։ Ինքնին դա դրական երեւույթ է՝ ո՞վ ասաց, որ խորհրդարանը եւ կառավարությունը, պատգամավորները եւ նախարարները պետք է առավոտից մինչեւ երեկո աղունիկների նման ղունղունեն։ Ցանկալի է, որ այդպես չլինի՝ նրանք պետք է մշտապես իրար հետ վեճի մեջ լինեն, իրար հավասարակշռեն։
Ցանկալի է նաեւ, որ խորհրդարանական մեծամասնությունը հնարավորություն չունենա միայնակ հաստատելու կառավարության որոշումները, ինչպես որ դա, ցավոք, Հայաստանում է…
Ի դեպ, բոլոր երկրներում պատգամավորները պարտավոր են լինել ավելի “պոպուլիստ”, քան նախարարները։ Որովհետեւ պատգամավորները ընտրվում են կամ, համենայնդեպս, պետք է որ ընտրվեն, իսկ նախարարները նշանակվում են։ Իհարկե, ամենաճիշտը կլինի, որ Հայաստանում էլ պատգամավորներն իրականում ընտրվեն։
Շարունակությունը թերթի համարում: