Առաջարկվել է ստեղծել բուհական գլոբալ հանրագիտարան
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով զեկուցվել է խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
Ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված ՏՏ նոր ռազմավարությունը, որն արժանացել է խորհրդի հավանությանը: Անդրադարձ է կատարվել նաեւ էլեկտրոնային առեւտրի ժամանակ հարկային եւ մաքսային ոլորտում, երիտասարդ մասնագետներին Գերմանիա գործուղելու ժամկետների հարցում առկա խնդիրներին եւ այլն: Վարչապետը հանձնարարել է վերջինիս հետ կապված հարցը ներառել հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում՝ այն քննարկելու եւ լուծումներ գտնելու համար:
Այնուհետեւ խորհրդին են ներկայացվել “Վիքիպեդիա Հայաստան” նախագծին առնչվող մի քանի հարցեր: Վարչապետը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը քննարկել “Վիքիպեդիա Հայաստան” հասարակական կազմակերպությանը տարածքով ապահովելու եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը եւ տալ համապատասխան եզրակացություն:
Օրակարգի վերջին հարցով առաջարկվել է ստեղծել բուհական գլոբալ հանրագիտարան՝ ինչն արժանացել է վարչապետի հավանությանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչություններին՝ լրացուցիչ քննարկել առաջարկը եւ կրկին տալ համապատասխան եզրակացություն: